Թանգարանների գիշերը՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանում

Այս տարի, մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» միջազգային նախաձեռնություններին՝ միջոցառումների հարուստ ծրագրով: Թանգարանների միջազգային օրվա այս տարվա խորագիրն է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան»: Միջոցառումների շրջանակում, բացի մշտական ցուցադրությունը դիտելուց և միջնաբերդ այցելելուց, արգելոց-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան թանգարանի հարակից տարածքում մասնակցել «Կավագործության ավանդույթները» վարպետաց դասին, որը կանցկացնի կավագործ Բարսեղ Հարությունյանը: «Ժողովրդական արվեստների հանգույց» հիմնադրամի հետ համագործակցությամբ «Էրեբունի» թանգարանում կիրականացվեն գորգագործության և կարպետագործության ցուցադրական դասեր Ոսկեվազի և Ուջանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ՝ «Էրեբունու որմնանկարները» թեմայով:

«Էրեբունի» արգելոց-թանգարանի և «Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիայի» համագործակցությամբ Էրեբունի միջնաբերդի շուրջ կիրականացվեն նետաձգության ցուցադրական ելույթներ, որի ընթացքում միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ նետաձգության հմտություններին և արհեստավարժ նետաձիգների օգնությամբ աղեղով կրակել թիրախներին: «Էրեբունի» թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում «Պատանի հնագետ» դպրոցի սաները հնագիտական պրոֆեսիոնալ գործիքներով կիրականացնեն պեղումներ, որոնց կարող են մասնակցել այն բոլոր դպրոցահասակ երեխաները, ովքեր հետաքրքրված են հնագիտությամբ և հնագիտական պեղումներով: Երեկոյան թատերասեր այցելուների համար թանգարանի ներքին բակում կներկայացվի «Այրոգի» ստվերների թատրոնը՝ «Այրուձի» հեծյալ արշավախմբի հիմնադիր անդամների կողմից: Թանգարանների գիշերը Էրեբունիում կեզրափակի «Թառափ» տրիոն՝ հանդես գալով հայկական ֆոլկ երաժշտության անակնկալ կատարումներով:

Թանգարանների միջազգային օրը այցելուների համար բաց կլինեն նաև Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Այս թեմայով
am