Ոստիկանապետը հանդիպել է Եվրոպոլի տնօրենի հետ

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ  մայիսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումը Եվրոպոլի տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։

Ողջունելով հյուրերին` տիկին դը Բոլը հույս հայտնել է, որ ՀՀ ոստիկանության պետի այցը սկիզբ կդնի Եվրոպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցությանը մի շարք ուղղություններով։
Վալերիյ Օսիպյանը բարձր է գնահատել Եվրոպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության կարևորությունը և ներկայացրել ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ:

Կողմերը ավելի առարկայական քննարկել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում հնարավոր համագործակցությունը, մասնավորապես՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման ոլորտներում և հստակեցրին հետագա քայլերը։

Կողմերի միջև քննարկում է ծավալվել ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև համագործակցության մասին համաձայնագիր կնքելու հնարավորության և ձևաչափի մասին։ Այդ նպատակով պայմանավորվածություն է  ձեռք բերվել նշանակել կոնտակտային անձանց՝ նշված աշխատանքները համակարգելու նպատակով։

Հանդիպման ավարտին, ՀՀ ոստիկանության պետը գրառում է կատարել Եվրոպոլի պատվո հյուրերի մատյանում։
Ի պատիվ ՀՀ ոստիկանության պետի՝ Եվրոպոլի տնօրենի կողմից տրվել է պաշտոնական ճաշ:

Այս թեմայով
am