Տիգրան Ավինյանը Ամուլսարի ու կառավարության հակասությունների և Քոչարյանի դատի մասին

Պատասխանելով հարցին, թե Քոչարյանի վերաբերյալ Արցախի ներկա ու նախկին նախագահների ներկայացրած երաշխավորության հանգուցալուծումը կարո՞ղ է ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա՝ փոխվարչապետն ընդգծել է, որ որևէ գործընթաց չի կարող ազդել այդ հարաբերությունների վրա:

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի փոփոխություններն ուժի մեջ են. նախագահը ստորագրեց օրենքը, որով նախարարությունների թիվը կրճատվում է: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ նախարարությունների  կրճատումն ընդհանուր քաղծառայության համակարգի ռեֆորմի նախնական փուլն է: Ավինյանը դժվարացավ ասել, թե յուրաքանչյուր նախարար քանի տեղակալ կունենա: 

Փոխվարչապետն անդրադարձավ լուրերին, ըստ որոնց կառավարությունում կան տարբեր թևեր, և որ տարբերվելու համար ինքը նույնիսկ սափրվել է: Տիգրան Ավինյանը կատակեց, որ մամուլում շրջանառվող լուրերը թրենդային սերիալներից ավելի շատ ինտրիգ են պարունակում, հետո ասաց, որ  իրականությունը փոքր-ինչ այլ է:

Պատասխանելով  հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Արցախի ներկա ու նախկին նախագահների ներկայացրած երաշխավորության հանգուցալուծումը կարո՞ղ է արդյոք որևէ կերպ ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա՝ փոխվարչապետն ընդգծեց, որ որևէ կերպ որևէ գործընթաց չի կարող ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա:

Անդրադառնալով Ամուլսարի ներդրումային ծրագրին, Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ քննչական կոմիտեին են հանձնվելու «Էլարդ» ընկերության հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները, ամեն ինչ պարզ կլինի  մայիսի վերջին:  Ու եթե  բնապահպանական անվերահսկելի խնդիրներ չառաջանան՝ ընկերությունը կշարունակի գործունեությունը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարն անդրադարձավ վերջերս լրագրողների ու ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունն առաջացրած մուտքի և ելքի խստացված ստուգումներին: Նա հայտնեց, որ ստուգումն իրականացնում է պետական պահպանության ծառայությունը և այն գործում է բոլորի համար: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը դժգոհել էր, որ քիչ է մնում սոնոգրաֆիա անեն, նոր ներս թողնեն:

ԱԺ աշխատակազմի ղեկավարին հարցրին, թե ինչի՞ց է վախենում խորհրդարանը, որ խստորեն ստուգում է նաև լրագրողներին, անգամ երբ նրանք դուրս են գալիս շենքից: Տիգրան Գալստյանը պատասխանեց, որ իրենք անդամները պահպանում են փոփոխված  կարգը, սակայն  չասաց, թե դա ի՞նչ փոփոխություն է:

Կառավարությունը  պահուստային ֆոնդից ԱԺ-ին գումար կհատկացնի. հարցն ընդգրկված էր չզեկուցողների ցուցակում: Տիգրան Գալստյանը պարզաբանեց, որ լրացուցիչ գումարի անհրաժեշտությունը պայմանավորված է պատգամավորների ու նրանց օգնականների թվի ավելացմամբ: Հարցին, թե ինչու են ավելացել Խորհրդարանի նախագահի  գործուղումների համար նախատեսված գումարները՝ աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ Արարատ Միրզոյանի հրավերներն են ավելացել:

ՊԵԿ նախագահը հերքեց լուրերը, թե տնտեսվարողներին ուղղորդում են նոր սերնդի ՀԴՄ սարքերը ձեռքբերել մի ընկերությունից, որը  կապ ունի ՊԵԿ նախկին նախագահի և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մերձավորների հետ: Դավիթ Անանյանը վստահեցրեց, որ եթե պարզվի՝ այդպիսի ուղղորդում կա՝ ուղղորդողները խիստ կպատժվեն:

Այս թեմայով
am