Շիրակի մարզի գյուղատնտեսությունը նմանեցնում եմ խաղատանը խաղադրույք կատարելուն. մարզպետ

Գյուղատնտեսությունը Շիրակի մարզի առանցքային, բայց ռիսկային ճյուղն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Շիրակի մարզի ցանքատարածությունների մեծ մասը զբաղեցնում են հացահատիկային մշակաբույսերը, որոնց ռիսկայնությունը շատ մեծ է:

«Շիրակի մարզում գյուղատնտեսությունը նմանեցնում եմ խաղատանը խաղադրույք կատարելուն: Վերջում ինչ կստանաս, բավականին մեծ հարցական է: Մարզում 91 հակակարկտային կայան ունենք, 2-ը վերջերս է տեղադրվել, սակայն ռիսկը պահպանվում է: Հրթիռային համակարգի անցման քննարկում կա: Որոշակիորեն նշմարվել են, թե ինչ կարժենա ամբողջ հանրապետության տարածքը պաշտպանելը: Չլինելով ոլորտի մասնագետ, այն թվերը, որոնք հնչեցվում են, կարծես թե շատ ավելի փոքր են, քան կորուստները, որոնք տարեկան ունենում ենք ՀՀ տարածքում»,- ասաց Շիրակի մարզպետը:

Անցած տարի Շիրակի մարզի գյուղացիական տնտեսություններն իրացման խնդիր են ունեցել: Սա մասնավորապես վերաբերում է սեղանի ճակնդեղի, կարտոֆիլի և գազարի իրացմանը: Տիգրան Պետրոսյանի խոսքերով` գյուղատնտեսության ոլորտում խնդիրների լուծման հիմնական ճանապարհն իրացման ապահովումն է:

«Երբ կլուծվի իրացման խնդիրը, ըստ էության, գյուղատնտեսության ոլորտում բոլոր մնացած խնդիրները կլուծվեն: Երբ մարդիկ իմանան, որ կա այսքան իրացում, խաղի կանոնները հստակ են, պետությունը շատ ավելի քիչ ջանքերով կկարողանա խնդիրները լուծել»,- ասաց Տիգրան Պետրոսյանը:

 

Այս թեմայով
am