Ադրբեջանը 100 հազար միավոր ռուսական «Կալաշնիկո՞վ» է արտադրել

Ադրբեջանի ռազմարդյունաբերական ձեռնարկություններում ռուսական արտոնագրով ու տեխնոլոգիաներով արտադրվել է 100 հազար հատ ԱԿ-74Մ ավտոմատ։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության ներկայացուցիչներից մեկը։

Նա հայտարարել է, որ պայմանագրի համաձայն՝ իրենք այդ ավտոմատների արտադրությունը կշարունակեն մինչև 2021 թվականը և ընդհանուր առմամբ կարտադրեն ևս մոտ 20 հազար միավոր հրազեն։ Սա հայտնի «Կալաշնիկով» ավտոմատի թարմացված տարբերակն է, որի վրա առկա է օպտիկա ամրացնելու հնարավորություն՝ Պիկատինիի շերտաձող։

Այս հայտարարությունը, սակայն, կասկածելի է, քանի որ թեև ռուս-ադրբեջանական այս պայմանավորվածության մասին հայտնի էր վաղուց, բայց արտադրությունը տարիներ շարունակ չէր սկսվում։ Իսկ միանգամից այդ քանակի արտադրություն թողարկելն արդեն կասկածի տեղիք է տալիս։

Պայմանագիրը կնքվել էր 2010 թվականին՝ մինչև 2021 թվականը 120 հազար հատ այս ավտոմատից արտադրելու վերաբերյալ։ Սակայն 3-4 տարի ադրբեջանական կողմը խոսում էր այն մասին, որ ուր որ է` արտադրությունը կսկսվի  իսկ վերջերս այնտեղ ընդհանրապես դադարել էին այդ մասին խոսելը։ Պայմանագրի համաձայն՝ այդ զենքերն արտադրվում են Ադրբեջանի բանակի և մյուս ուժային կառույցների համար, չեն կարող արտահանվել։

Հիշեցնենք, որ ռուսական ընկերության հետ պայմանագրով շուտով Հայաստանը նույնպես սկսելու է ԱԿ ավտոմատների արտադրություն, սակայն Հայաստանի դեպքում խոսքը նորագույն տեսականու՝ ԱԿ-12 և ԱԿ-15 ավտոմատների մասին է, որոնք ներկայում շահագործվում են միայն Ռուսաստանի զինված ուժերում։

Այս թեմայով
am