Փնտրում ենք ճանապարհներ Կենդանաբանական այգու ղեկավար կազմում փոփոխություններ անելու համար. փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ հանդիպմանը կենդանասերների նախաձեռնող խմբի անդամները բարձրացրին Կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները կասեցնելու հարցը: Նրանք նշեցին, որ այգում կենդանիների անկման դեպքերն ավելանում են: Ըստ նրանց՝ դա հիմք է, որ շուտափույթ քայլեր ձեռնարկվեն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենդանաբանական այգու սեփականատեր է հանդիսանում Երևանի քաղաքապետարանը, մեր հետագա դիրքորոշումը հասկանալու համար հարց ենք բարձրացնում՝ արդյո՞ք նպատակահարմար չեք գտնում Կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունների ժամանակավոր կասեցումը: Այս պահին էլ շարունակվում է կենդանիների անկումը, բացի դրանից՝ առկա են կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հիմնավոր կասկածներ»,- ասաց նա:

Փոխքաղաքապետ Վիրաբյանը պատասխանեց, որ չէր ցանկանա իրավական գնահատական տալ բարձրացված հարցերին: Այսինքն՝ Կենդանաբանական այգում կա՞ կոռուպցիոն սխեմա, թե՞ ոչ, հարցն այլ տիրույթում է:

«Երբ կլինի վերջնական իրավական գնահատական, այդ ժամանակաշրջանում կարող ենք ասել` կոռուպցիոն սխեմա կա՞, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է տնօրենի լիազորությունները կասեցնելուն, ասեմ` այո՛, մենք հիմա փնտրում ենք ճանապարհներ այգու ղեկավար կազմում փոփոխություններ անելու վերաբերյալ: Բայց դրանք չեն կարող լինել մեկ վայրկյանում ձևավորվող, դրանք չեն կարող լինել տրամադրությունների հիման վրա: Փոփոխությունները պետք է լինեն հիմնավոր ու համարժեք, դրա համար պետք է ունենանք այն թեկնածուների հավանական շրջանակը, որոնց պետք է վստահենք Կենդանաբանական այգին»,- ասաց նա:

Այս թեմայով
am