Սա՞ է ձեր անկախ դատարանը եւ դատավորը

Ասում են, թե անցած տարվա մայիսի 8-ից հետո դատավորները ճնշումների չեն ենթարկվում, անգամ նրանց չեն զանգում հրահանգավորելու համար: Ասում են:

Մենք ուզում ենք հավատալ այս պնդմանը, որովհետեւ այդպես շատ ավելի լավ կլինի բոլորի համար, բայց երբ երկրի գլխավոր դատախազը՝ այս դեպքում Արթուր Դավթյանը որոշում է անձամբ ներկա լինել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների անվանումը ստացած դատին եւ ներս է մտնում դահլիճ հենց այն դռնից, որով ներս ու մուտ են անում բացառապես դատավորները, սկսում ես չհավատալ, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել:

Սկսում ես չհավատալ եւ հիշում ես այն հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցը, հիշում ես, թե ինչպես էին հեգնանքով խոսում դատավորների մասին, հիշում ես, թե ինչպես էին վստահեցնում, թե ինչ-որ մեկին կհանձնարարեն ինչ-որ բաներ գրել: Հիշում ես, եւ երբ տեսնում ես, որ այդ ինչ-որ մեկը շատ ակտիվ է դատը դեռ չսկսված, համոզվում ես, որ ոչ թե իրավիճակը չի փոխվել, այլ ավելի վատացել:

Եւ այս ամենից հետո սկսում ես մտածել, թե ինչ ցածր կարծիք ունեն ժողովրդի մասին իշխանությունները, որոնք հանուն շոուի պատրաստ են ամենատարօրինակ, անհասկանալի եւ վտանգավոր քայլերի եւ գործողությունների:

Իհարկե, հիմա կասեն, թե դատախազը դատավորների համար նախատեսված դռնով մտել է, որովհետեւ նա ժողովրդի վստահության քվեն ունի, որ ինչ-որ մեկին հանձնարարում են հայտարարություններ անել եւ գրառումներ անել, որովհետեւ այդպես ավելի կրեատիվ է: Ամենահեշտն ասելն է:

Վահրամ Գեւորգյան

Այս թեմայով
am