«Կասկած է առաջանում, որ գլխավոր դատախազը կարող է ճնշում գործադրել դատարանի վրա». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին, Հանրայինի եթերում իր տեսակետն է հայտնել՝ կենտրոնանալով հիմնականում դատավարության տարբեր մասնակիցների վարքագծին և իրավական չափանիշներին դրանց համապատասխանությանը:

«Երեկ դատավարության ժամանակ առաջին հայացքից ակնառու էր, որ փաստաբանները, ըստ էության, ներկայացրին դատավորին ինքնաբացարկ առ այն, որ գլխավոր դատախազը և այդ օրը ներկայացած տուժածների իրավահաջորդներից փաստաբան Վահե Գրիգորյանը ներկայացել են դատավորի համար նախատեսված մուտքով և այն բանից հետո, երբ դատավորը նախագահողի տեղն էր զբաղեցրել»,- ասել է նա:

Հովհաննիսյանը փաստում է, որ օրենքը չի կարգավորում՝ ով որ մուտքից պետք է մտնի, սակայն դատավարության բոլոր մասնակիցների համար հավասարության կանոն է սահմանված. «Հավասարության կանոնը դատավարության մասնակից մեղադրական կողմի համար, տվյալ դեպքում, խախտված է, որովհետև կարող են ինձ մոտ, պաշտպանական կողմի մոտ և պարզապես հասարակության մոտ հարցեր առաջանալ. իսկ ի՞նչ գործ ուներ դատախազը դատավորի համար նախատեսված մուտքով մուտք գործելու, ի՞նչ իրավունք ուներ, ինչպե՞ս էր այնտեղ հայտնվել, ի՞նչ էին մինչ այդ քննարկում, կամ քննարկում էին, թե չէին քննարկում»,- ավելացրել է Արփինե Հովհաննիսյանը:

Եթերի ընթացքում Հովհաննիսյանը նշել, որ իր համար՝ որպես իրավաբանի, դատավարության ժամանակ ներկաների դատարան մուտք գործելու ձևը արդեն կասկած է առաջացնում, որ գլխավոր դատախազը կարող է ճնշում գործադրել դատարանի վրա:

Այս թեմայով
am