Ռուսաստանի հետ իմ ընտանիքին պատմությունն է կապում. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Tvzvezda.ru-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում ռուսական ներդրումներին, Ռուսաստանի հետ իրեն կապող հանգամանքներին և այլ հարցերի:

– Նախկինում ասվում էր, որ Հայաստանն օտարերկրյա ներդրումների կարիք ունի: Ռուսական բիզնեսը պատրա՞ստ է ներդրումներ անել: Եթե այո, ապա կոնկրետ ո՞ր ոլորտներում:՛

– Ես չեմ կարծում, թե պետք է մեկնաբանեմ ռուսական բիզնեսի տեսակետը: Միակ բանը, որ կարող եմ մեկնաբանել, այն է, որ ռուսական բիզնեսը Հայաստանում աշխատում է շատ երկար տարիներ: Եվ աշխատում է հիմնավորապես: Ներդրումներ կան տարբեր երկրներից՝ Եվրոպայից, Հեռավոր Արևելքից, Մերձավոր Արևելքից, Ամերիկայից: Բայց ռուսական բիզնեսը միշտ գոյություն է ունեցել, ու ինչ-որ իմաստով մենք հաճախ չենք էլ նկատել այդ ներդրումները, ասես դրանք ներքին ներդրումներ են: Առավել ևս, որ Հայաստանում ներդրումներ են արել ոչ միայն զուտ ռուսական կազմակերպությունները, այլև ռուսական կազմակերպություններ, որոնցում դերակատարություն ունեն նաև ազգությամբ հայերը: Այդ ներդրումները շատ մեծ են: Ես կարծում եմ, որ ապագայում էլ դրանք քիչ չեն լինի:

– Ես կարդացել եմ, որ Դուք առաջիկայում պատրաստվում եք այցելել Մոսկվա: Ընդհանրապես, որքա՞ն հաճախ եք կարողանում լինել մեզ մոտ, և առաջին հերթին՝ ո՞ւր կցանկանայիք այցելել մեր երկրում: 

– Մոտ ապագայում պաշտոնական այց նախատեսված չէ: Բայց ես Մոսկվայում հաճախ եմ լինում: Ես չեմ կարծում, որ Մոսկվան ու Պետերբուրգն այն քաղաքներն են, ուր ես ցանկանում եմ գալ ու ինչ-որ բան տեսնել, քանի որ այդ երկու քաղաքները ես հրաշալի գիտեմ դեռ մանկուց, երբ առաջին անգամ հորս հետ եղա Լենինգրադում և Մոսկվայում: Հետագայում, այստեղ եղա, երբ ուսանող էի, ասպիրանտ: Եվ հետո, մեր ընտանիքի պատմությունը որոշակիորեն կապված է Ռուսաստանի հետ. դա գալիս է իմ նախնիներից՝ պապիցս է սկսվում, ավարտվում իմ որդիներով:

Այնպես որ, ես այստեղ գալիս եմ՝ ասես տուն գամ: Իսկ ի՞նչ եմ ցանկանում տեսնել ամեն անգամ: Դե, ասենք, լավ համերգ: Ես ամեն ինչ սիրում եմ: Դասական երաժշտություն: Նախորդ անգամ կնոջս հետ Մոսկվայում էինք, Մեծ թատրոնում էինք, նայում էինք «Աննա Կարենինա»-ն՝ այդ ֆենոմենալ ստեղծագործությունը: Այդ ներկայացումը խիստ անկանխատեսելի էր, անսպասելի` թե՛ ինձ, թե՛ կնոջս համար: Ու նաև կցանկանայի, որ թե՛ Պուշկինի, թե՛ Տրետյակովյան պատկերասրահը Երևան բերեին ավելի շատ ցուցադրություններ:

Այս թեմայով
am