Միհրան Հարությունյանը վերդառնում է մրցագորգ

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը կմասնակցի մայիսի 17-ին Կրասնոդարում անցկացվելիք «Չեմպիոնների գավաթ» մրցաշարին: 30-ամյա մարզիկը պատմել է, որ պատրաստվում է Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

«Մայիսի 17-ին Կրասնոդարում ես կրկին կվերադառնամ մրցագորգ, որպեսզի սկսեմ իմ ճանապարհը դեպի Տոկիո-2020 եւ վերցնեմ այն, ինչը պատկանում է ինձ»,- Ինստագրամում գրել է Միհրան Հարությունյանը:

«Չեմպիոնների գավաթին» կմասնակցեն նաեւ ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանը եւ այլ հայտնի ըմբիշներ:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2016թ. Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել սերբ Դավոր Շտեֆանեկին։

Դեկտեմբերի 14-ին Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն էր տարել MMA-ում (խառը մենամարտեր): Ռուսաստանի Սամարա քաղաքում կայացած «Битва на Волге» մրցաշարում նա առաջին ռաունդի նախավերջին վայրկյանին տեխնիկական նոկաուտով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինին: Հարությունյանը MMA-ում նորամուտը նշել էր նախորդ տարվա մայիսին՝ Ռոստովում տեղի ունեցած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին:

Այս թեմայով
am