Պարոն Օսիպյան, «ընտանիքիդ հետևի, քիչ մնաց»․ վերադարձնում եմ այն, ինչ ինձ էր ուղղված

Այսօր «Փաստինֆո» գործակալության հրապարակումից տեղեկացա, որ ոստիկանությունը ուսումնասիրությունների արդյունքում սպառնալիքի հատկանիշներ չի հայտնաբերել իմ  հասցեին համացանցում կատարված գրառումներում։ Այս մասին լրատվականի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից։

Ինձ համար սպասելի էր ոստիկանության նման որոշումը, քանի որ դժվար է պատկերացնել, որ ոստիկանությունը ասենք նույն համակարգի աշխատակից Բաբկենին մեղադրի իմ դեմ սպառնալիքներով լի ֆեյսբուքյան արշավ կազմակերպելու մեջ։ Հենց այս կանխավարկածից ելնելով էլ`  հանցագործության մասին հաղորդում չեմ տվել։ Ինձ համար իրավապահ համակարգը և մասնավորապես ոստիկանությունը ոչնչով չի տարբերվում նախկին իշխանությունների ժամանակ գործող ոստիկանությունից կամ իրավապահ համակարգից։ Իրենց դեպքում, իհարկե, իրավապահ բառը պետք է չակերտների մեջ կարդալ։

Բայց եթե ոստիկանությունը ինձ ուղղված գրառումների մեջ սպառնալիք չի տեսնում, ապա կարծում եմ` ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը չի նեղանա, եթե ես էլ նույն գրառումները իրեն վերադարձնեմ, իհարկե առանց հայհոյանքների, քանի որ դաստիարակությունս թույլ չի տալիս նման կերպ արտահայտվել, ինչպես նաև հարգում եմ ոստիկանապետի և ցանկացած մարդու պատիվն ու արժանապատվությունը։ Եվ այս ամենից հետո, որպես հակադարձում` պարոն Օսիպյանին կասեմ՝ «կնոջդ և ընտանիքիդ հետևի,  քիչ մնաց»։ Ինձ ուղղված նույնաբովանդակ մեկնաբանությունը ոստիկանությունը սպառնալիք չի համարել, այնպես որ սա ևս թող չնկատելու տան։

Հ․Գ․ Վերջում պարոն Օսիպյանի կնոջ և իր ընտանիքի անդամների ներողամտությունն եմ հայցում։ Ես իրենց դեմ որևէ բան չունեմ, վերաբերվում եմ հարգանքով։ Ես միայն վերադարձնում եմ այն, ինչ ինձ են ասել, և այն, ինչ պարոն Օսիպյանի ղեկավարած կառույցը հանցագործություն չի համարել։ Եվ նպատակը միայն այն է, որ պարոն Օսիպյանը գիտակցի իր կառույցի անարդար որոշումը։ Քանի որ այս նախադեպից ելնելով` ցանկացածը կարող է նման բան գրել և անպատիժ մնալ օրինականության դաշտում։ Սա լավ տեղ տանող ճանապարհ չէ։

Politik.am կայքի խբագիր Բորիս Մուրազի

Այս թեմայով
am