Իրանում փոխվել է հոգևոր առաջնորդին ենթակա զինված կազմավորման ղեկավարը

Իրանի հոգևոր առաջնորդի կողմից երկրում գործող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար է նշանակվել Հոսեյն Սալամին։ Միաժամանակ նրան տրվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Այս մասին նշվում է իրանական մամուլի հրապարակումներում։

Բանակին զուգահեռ գործող այս ռազմական կառույցը մինչ այս 11 տարի ղեկավարում էր գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին։ Սակայն փոխարինման պատճառը չի նշվում։ Իսկ նորանշանակ հրամանատարը մինչ այս զբաղեցնում էր ռազմական կազմավորման հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Սալամին հայտնի է Իսրայելի ու ԱՄՆ-ի հասցեին կոշտ հայտարարություններով։ Նա անգամ հայտարարել է, որ գոհ է, որ ԱՄՆ-ն Իրանի ԻՀՊԿ-ն ճանաչել է որպես ահաբեկչական կառույց։ Սալամիի նշանակումը հետևել է հենց ԱՄՆ կողմից այդ կոշտ քայլին։

Իրանում, հիշեցնենք, պետական կառավարման ու զինված ուժերի կառուցվածքները սովորական չեն։ Երկրի ղեկավարը հոգևոր առաջնորդն է, որի հրամանագրերով էլ նշանակվում են զինված ուժերի ղեկավար պաշտոնյաները։ Երկրի նախագահը ղեկավարում է գործադիր իշխանությունը, որին ենթակա է երկրի բանակը։ Բանակից բացի, այստեղ գործում է նաև նշված կորպուսը, որն անմիջականորեն ենթարկվում է հենց հոգևոր առաջնորդին։

Այս կառույցն ունի զինված ուժերին հատուկ բոլոր տարրերը՝ տարբեր զորատեսակներ, սպառազինություն։ Բայց քաղաքական իմաստով այն ավելի զորեղ է, քան սովորական բանակը, քանի որ ունի հոգևոր առաջնորդի հովանին։ ԻՀՊԿ ղեկավարների ազդեցությունն այնքան մեծ է, որ երկրի նախագահական ընտրություններում նրանք կարող են աջակցել այս կամ այն թեկնածուին, անել քաղաքական հայտարարություններ և այլն։

Այս թեմայով
am