Հուսով եմ` պարոն Փաշինյանը թույլ չի տա, որ իրեն մոլորության մեջ գցեն. Դավիթ Սանասարյանի պաշտպան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հույս հայտնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա՝ իրեն մոլորության մեջ գցեն: Նա, մասնավորապես, գրել է.

«Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է։ Նրա դեմ, ցավոք, գործ են սարքել և կարում են այդ գործը՝ օգտագործելով հին մեթոդները, որոնք տասնյակ տարիներ ի վեր իրականացրել է հայտնի կառույցը։ Արդյունքում ստացվում է, որ որոշ թուլամորթներ չդիմանալով ճնշումներին ընդունում են համագործակցության պայմանները` զրպարտել բոլորիս կողմից ճանաչված ազնվագույն առաջամարտիկին։ Թող որևէ մեկը չկասկածի, որ Դավիթ Սանասարյանը սայթաքել է, նա չի սայթաքել և իր գործունեության մեջ ինչպես ազնիվ եղել է, այդպես էլ ազնիվ մնացել է։

Ցավում եմ, որ նոր Հայաստանում վարչապետ պարոն Փաշինյանը կարող է բավարարվել իրեն ներկայացված շինծու և սուտ ապացույցներով` մոռացած լինելով, որ նույնիսկ նոր Հայաստանում առկա են անձինք, որոնք ունակ են իրենց նպատակին հասնելու համար դիմել ստոր քայլերի, շինծու ապացույցներով սուտը վարչապետին ներկայացնել իբրև ճշմարտություն։

Հուսով եմ, որ պարոն Փաշինյանը թույլ չի տա, որ իրեն մոլորության մեջ գցեն և հետամուտ կլինի գործի օբյեկտիվ քննության համար, որը կարծում եմ ԱԱԾ քննչական դեպարտամենտում չի կարող իրականացվել»:

Այս թեմայով
am