Հայ արիներն ու համախմբված արիադավան ազգայնականները նշեցին Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի տոնը

Հայ արիներն ու համախմբված արիադավան ազգայնականները նշեցին Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի տոնը

Ապրիլի 20-ին հերթական անգամ Մեծամորի (Մեծ Մոր - Աստվածամոր - Մայր Անահիտի) տաճարատարածքում արեւածագը դիմավորեցին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները:

Այսօր արեւագալին մեկնարկեց հայ արիների ավանդական զատկական տոնը, որ կավարտվի վաղը՝ արեւամուտին, Հայոց Մայր Աստվածուհուն ուղղված ձոներով:

Արիադավան հայերիս համար Զատիկը բնական տոներից է, երբ Մայր-Բնությունը զատելով իր գույները՝ բազմազանությամբ-գունագեղությամբ է լցնում նաեւ մարդկանց սրտերը: Առավոտյան ծիսակարգից եւ Մայր Անահիտին, Հայ Աստվածներին ուղղված ձոներգերից հետո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները ներկաներին բաժանեցին ավանդական կաթնահունց գաթաները: Եվ կրկին ըստ ավանդույթի, գաթայից Մայր Անահիտի պատկերով արծաթե մատանի դուրս եկավ, ինչը նշանակում էր՝ հաջողակի օջախում էլ երեկոյան կշարունակվի հիմնական տոնը: Իհարկե հայ արիներն ու հեթանոս ազգայնականները բոլորն էլ իրենց օջախներում կնշեն այս սրբազան տոնը՝ Զատիկը:

Մայր Աստվածուհու պատկերով արծաթե մատանին որպես նվեր հանձնեցին քրմեը, իսկ հաջողակը արժանացավ ձվախաղը սկսելու պատվին: Այնուհետեւ ակսվեց աշխույժ ձվախաղը, որն ավելի շատ ձվամարտի էր վերածվել հաղթական գոռում-գոչյուններից եւ հաղթողները մեծ հաճույքով էին հավաքում ու հաշվում իրենց «ռազմավարը»՝ բազմագույն ձվերը:

Ծեսից հետո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները վերստին փառաբանեցին Մայր Անահիտին, որ պտղաբերութւյամբ լցնի հայոց մայրերի արգանդները եւ հայոց օջախների արտերն ու այգիները:

Ծեսի մասնակիցները Մեծամորից դեպի իրենց օջախները գնացին փառաբանելով Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին, հայտնեցին, որ սիրով սպասում են Նրանց իրենց ընտանիքներում, տոնական սեղանների շուրջ…

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

Մեծամոր - 20.04.2019թ.

Այս թեմայով
am