Արմեն Գեւորգյանի պաշտպանները դիմել են ՄԻՊ-ին

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Արման Թաթոյանին

Դիմող՝ Արմեն Անդրանիկի Գևորգյանի

Պաշտպաններ՝ Է. Ալեքսանյանից /արտոնագիր՝ 2231/

Վ.Գևորգյանից /արտոնագիր2136՝/

Հասցե՝ ք. Երևան, Սևանի 116/8

Հեռ. 077516351

ԴԻՄՈՒՄ/Արմեն Գևորգյանի խախտված իրավունքները վերականգնելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԿԱԼԱՆՔ ԴՆԵԼԸ» գլխում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու մասին/


I. Արմեն Գևորգյանի խախտված իրավունքների մասով

ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, թիվ 62202608 քրեական գործով քննչական խմբի ղեկավար Հ. Մուշեղյանի վարույթում է գտնվում նշված քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Գևորգյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Վարույթն իրականացնող մարմնի՝ 03.08.2018թ.-ի որոշմամբ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով:
21.08.2018թ.-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել կալանք դնել Արմեն Գևորգյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա:
11.12.2018թ.-ին Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման դեմ 30.01.2019թ.-ին պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով այն վերացնել անհիմն լինելու պատճառաբանությամբ:
ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ ավագ դատախազ Հ.Պետրոսյանը, քննության առնելով պաշտպանական կողմի վերը նշված բողոքը, 2019 թվականի փետրվարի 1-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:
Պաշտպանական կողմը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով, 22.02.2019թ.-ին բողոք է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան քննիչի՝ 21.08.2018թ.-ի և դատախազի՝ 01.02.2019թ.-ի որոշումների դեմ: Դատարանը քննության է առել նշված բողոքը, սակայն դրա վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել, սակայն նշված խնդիրը ի թիվս այլի իրենից եթնադրում է ընդհանուր օրենսդրական խնդրի առկայություն որի հիմնավորումները ներկայացվում են ստորև:


Գտնում ենք, որ քրեական հետապնդման մարմինների կողմից Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելով անհամաչափորեն սահմանափակվել է նրա ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը, ուստի անհրաժեշտութուն է առաջացել քրեական դատավարության օրենսդրությամբ վերապահված գործիքակազմից զատ դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ Արմեն Գևորգյանի խախտված հիմնարար իրավունքները վերականգնելուն ուղղված համապատասխան գործողություններ կատարելու համար:


Հարգելի պարոն Թաթոյան,

Ուսումնասիրելով Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը, նկատում ենք, որ վարույթն իրականացնող քննիչը որոշման նկարագրական-պատճառաբանական մասում, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածը, որտեղ նշված են գույքի վրա կալանք դնելու բոլոր նպատակները, չի նշել թե Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանքը կոնկրետ ո՞ր նպատակով կամ նպատակներով է դրվել, այն դեպքում, երբ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ կոնկրետ նպատակի վկայակոչումը, կոչված է ապահովելու հիշյալ որոշման որոշակիությունը, ինչը տվյալ դեպքում ուղղակի բացակայում է: Նշված որոշման անորոշության պատճառով, պաշտպանական կողմը ստիպված է եղել իր կողմից ներկայացված բողոքում վիճարկել գույքի վրա կալանք դնելու օրենսդրությամբ սահմանված բոլոր նպատակները:

Այսպես.

Գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով գույքի վրա կալանք դնելը իրավաչափ է միայն այն դեպքում, երբ կասկածյալին կամ մեղադրյալին վերագրվում է այնպիսի հանցավոր արարք, որը ՀՀ քր.օր-ի հատուկ մասի հոդվածի սանկցիայով որպես լրացուցիչ պատիժ ուղղակիորեն նախատեսում է գույքի հնարավոր բռնագրավումը: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 50-րդ և 55-րդ հոդվածներով սահմանված իրավահարաբերություններից բխում է, որ որպես լրացուցիչ պատժատեսակ օրենսդիրը նախատեսել է դատապարտյալի սեփականությունը համարվող գույքը կամ դրա մի մասը հոգուտ պետությանը բռնագրավելը: Նշվածը ուղղակիորեն բխում է անձնական պատասխանատվության սկզբունքից, ըստ որի անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն անձամբ իր կատարած հանցանքի համար: Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով գույքի վրա կալանք կարող է դրվել՝
1) միայն այն կասկածյալի կամ մեղադրյալի գույքի վրա, ում վերագրվում է այնպիսի հանցագործություն, որի համար որպես լրացուցիչ պատժատեսակ նախատեսված է գույքի բռնագրավումը, 
2) կասկածյալի կամ մեղադրյալի միայն այն գույքի վրա, որը համարվում է վերջիններիս սեփականությունը:

Ինչ վերաբերում է գույքի հնարավոր բռնագանձումն ապահովելու նպատակով գույքի վրա կալանք դնելուն, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103.1-րդ և 232-րդ հոդվածների վերլուծությունից բխում է, որ հիշյալ նպատակով կալանք կարող է դրվել միայն կասկածյալի կամ մեղադրյալի կողմից հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքի վրա, բացառությամբ բարեխիղճ երրորդ անձի, ինչպես նաև տուժողին և քաղաքացիական հայցվորին՝ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքի: Այսպիսով՝ բռնագանձումն ապահովելու նպատակով կալանք չի կարող դրվել այն գույքի վրա, որը չի առաջացել կամ ստացվել հանցագործության կատարման արդյունքում:
Հատկանշական է, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ վերջինիս մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով (արդարադատության խոչընդոտեը), ուստի հարց է առաջանում՝ արդյո՞ք նշված մեղադրանքի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը իրավասու էր Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դնել: Քննարկելով առաջին՝ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակը, ապա հարկ է փաստել, որ նշված նպատակով Ա.Գևորգյանի գույքի վրա կալանք չէր կարող դրվել, քանի որ հիշյալ հոդվածի սանկցիայով գույքի բռնագրավումը որպես լրացուցիչ պատժատեսակ նախատեսված չէ: Ինչ վերաբերում է երկրորդ և երրորդ նպատակներին, այն է՝ գույքի վրա կալանք դնելը քաղաքացիական հայցը և գույքի հնարավոր բռնագանձումն ապահովելու համար, ապա հարկ է նշել, որ նշված նպատակներով Ա.Գևորգյանի գույքի վրա կալանք նույնպես չեր կարող դրվել, քանի որ սույն քրեական գործով քաղաքացիական հայց հարուցված չի եղել և Արմեն Գևորգյանին վերագրվող հիշյալ հանցավոր արարքի կատարումը բացառում է դրա կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի կերպով որևէ գույքի ստացման հնարավորությունը: Իսկ ինչ վերաբերում է չորրորդ նպատակին, այն է՝ դատական ծախսերն ապահովվելուն, ապա հարկ է նշել, որ եթե վարույթն իրականացնող մարմինը նշված նպատակով է Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դրել, ապա այդ դեպքում նախաքննական մարմինը միևնույն է թույլ է տվել դատավարական կոպիտ խախտում, մասնավորապես՝ վարույթն իրականացնող մարմինը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը, համաձայն որի՝ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ պետք է նշվի կալանքի ենթակա գույքը, ինչպես նաև գույքի այն արժեքը, որի վրա բավական է կալանք դնել դատական ծախսերն ապահովելու համար: Կարծում ենք, որ օրենսդրի կողմից վարույթն իրականացնող մարմնի համար իմպերատիվ պարտականություն սահմանելը, այն է՝ դատական ծախսերը ապահովելու նպատակով գույքի վրա արգելանք դնելու որոշման մեջ հստակ նախատեսել կալանքի ենթակա գույքը, ինչպես նաև գույքի այն արժեքը, որի վրա բավական է կալանք դնել դատական ծախսերի ապահովման համար, կոչված է ապահովելու անմեղության կանխավարկածի և համաչափության սկզբունքները: Հետևաբար, նշված նպատակով Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի ոչ իրավաչափ որոշումը չի կարող արդարացվել լոկ այն պատճառաբանությամբ, որ դրա կայացումը պայմանավորված է եղել բացառապես արդարադատության շահի գերակայությամբ:
Բացի այդ, ուսումնասիրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածով սահմանված հարաբերությունները, նկատում ենք, որ գույքի վրա կալանք դնելը քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը, որի մոտ գտնվում է գույքը, կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը: Նման ձևակերպումը հիմք է տալիս եզրակացնելու, որ գույքի վրա կալանք դնելը կիրառվում է որոշակի ապացուցված հանգամանքների առկայության դեպքում, այն է՝ գույքը թաքցնելու, փչացնելու կամ սպառելու հնարավորությունը: Ընդ որում, ապացուցման ենթակա նշված հանգամանքների առկայության մասին պետք է նշվի գույքի վրա կալանք դնելու մասին որոշման նկարագրական-պատճառաբանական մասում, մինչդեռ քննիչի որոշումից ակնհայտ է, որ վերջինս որևէ կերպ չի պատճառաբանել, թե գործում առկա ապացուցված որ հանգամանքներն են հիմք տալիս եզրակացնելու, որ Արմեն Գևորգյանը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը, ինչը նույնպես օրենքի կոպիտ խախտում է:
Վերը շարադրվածից հետևում է, որ վարույթն իրականացնող մարմնի 21.08.2018թ.-ի որոշումը կայացվել է քրեադատավարական նորմերի բազմաթիվ խախտումներով և հիշյալ որոշմամբ կամայական և անհիմն կերպով անհամաչափորեն սահմանափակվել է Արմեն Գևորգյանի ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը: Այս ամենը խոսում է այն մասին, որ գործ ունենք կամայական մոտեցման հետ, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կայացված որոշման արդյունքում Ա.Գևորգյանը զրկված է նաև աշխատանքի դիմաց վարձատրություն ստանալու, իր ու ընտանիքի կարիքները հոգալու հնարավորությունից, ապա ակնհայտ է դառնում, որ այս չհիմնավորված սահմանափակումն իրականում կիրառվել է որպես պատիժ: Հետևաբար գտնում ենք, որ նշված հարցի կարգավորման համար անհրաժեշտ է նաև Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը, ով որպես անկախ պաշտոնատար անձ կնպաստի Արմեն Գևորգյանի խախտված իրավունքների և ազատությունների վերականգմանը, մասնավորապես որպես վերացական սահմանադրական վերահսկողության սուբյեկտ, նշված խնդիրը ի թիվս այլի բարձրացներ նաև ՀՀ Սահմանադրական դատարանում:

II. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԿԱԼԱՆՔ ԴՆԵԼԸ» գլխում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու մասով


Գույքի վրա կալանք դնելու իրավական բնույթը՝ գիտության մեջ շարունակում է մնալ վիճելի: Տեսաբանների մի մասն այն համարում է քննչական գործողություն, երկրորդ խումբը՝ քրեադատավարական հարկադրանքի այլ միջոց:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների վերլուծությունից պարզ է դառնում, որ օրենսդիրը գույքի վրա կալանք դնելը դիտել է որպես քննչական գործողություն: Այսպես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով սպառիչ թվարկվում են այն քննչական գործողությունների արձանագրությունները, որի 7-րդ կետով նշվում է գույքի վրա կալանք դնելու արձանագրությունը: Կարծում ենք, որ գույքի վրա կալանք դնելը՝ որպես քննչական գործողություն դիտելու տեսաբանների մոտեցումը և ներկայիս օրենսդրական կարգավորումը սխալ է, քանի որ քրեական դատավարության տեսությունից հայտնի է, որ քննչական գործողությունների կատարմամբ ակնկալվում է ձեռք բերել ապացույցներ, մինչդեռ գույքի վրա կալանք դնելու ընթացքում, ըստ էության, ապացույց ձեռք չի բերվում: Գույքի վրա կալանք դնելը իր էությամբ միանման է մարդու կալանավորման ինստիտուտին նույն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված, որը իրացվում էր բացառապես դատարանի կողմից կայացված որոշմամբ:


Գտնում ենք, որ առավել ընդունելի է այն մոտեցումը, ըստ որի գույքի վրա կալանք դնելը քրեադատավարական հարկադրանքի այլ միջոց է, հետևաբար գույքի վրա կալանք դնելը պետք է ընդգրկել քրեադատավարական հարկադրանքի միջոցների համակարգում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 5-րդ բաժին) և տվյալ հարկադրանքի միջոցի կիրառումը անհրաժեշտ է վերապահել դատարանին, նկատի ունենալով, որ գույքի վրա կալանք դնելու արդյունքում անհամաչափ սահմանափակվում է անձի ՀՀ սահմանադրությամբ և եվրոպական կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը, որն բարձրարժեք, պոզիտիվ իրավունք է, հետևաբար այդ իրավունքի սահմանափակումը պետք է տեղի ունենա բացառապես դատական երաշխիքների պահպանմամբ, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասը անհրաժեշտ է շարադրել հետևյալ խմբագրությամբ ՝ եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը կամ այն անձը, որի մոտ գտնվում է գույքը, կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը, քննչը, հետաքննության մարմնի աշխատակիցը, դատախազը կարող է պատճառաբանված որոշում կայացնել, որում պարունակվում է միջնորդություն դատարանին` նշված անձանց գույքի վրա կալանք դնելու մասին: Որոշմանը կցվում են բոլոր այն նյութերը, որոնք հիմնավորում են գույքի վրա կալանք դնելու անհրաժեշտությունը: Միջնորդության քննարկման արդյունքում դատարանը որոշում է կայացնում գույքի վրա կալանք դնելու` թույլտվություն տալու կամ միջնորդությունը մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:
Նշված փոփոխությունը կատարելու վերաբերյալ առաջարկն ինքնանպատակ չէ, այն կոչված է զերծ պահելու անձի սեփականության իրավունքը կամայական սահմանափակումներից:


Ձեր ուշադրությանն ենք ցանկանում հրավիրել նաև այն հանգամանքին, որ ներկայիս գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԿԱԼԱՆՔ ԴՆԵԼԸ» գլխում թերի է կարգավորված նաև գույքի վրա կալանք դնելու որոշման ի կատար ածելու մեխանիզմը, մասնավրապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ թերի է կարգավորված, թե կոնկրետ ո՞ր մարմիններն են իրավասու ի կատար ածել գույքի վրա կալանք դնելու որոշումը: Խոսքը վերաբերվում է հատկապես աշխատավարձի վրա կալանք դնեուն: Հայաստանի Հանրապետությունում քրեական գործերով պրակտիկա է ձևավորվել, որ կասկածյալի, մեղադրյալի աշխատավարձի վրա կալանք դնելու մասին քրեական հետապնդման մարմինների որոշումը ուղղարկվում է կատարելու ՀՀ Կենտրոնական Բանկ և համապատասխան բանկեր, որը գործնականում առաջացնում է մի շարք խնդիրներ կապված կալանքի ենթակա աշխատավարձի չափի վերաբերյալ: Կարծում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ անհրաժեշտ է հստակ սահմանել, կալանքի ենթակա աշխատավարձի որոշակի չափ, որպեսզի անձը չզրկվի իր և իր ընտանիքի անհրաժեշտ կենսապայմանները հոգալու հնարավորությունից: Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել նաև ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմը, համաձայն որի կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը, հետևաբար գտնում ենք, որ կալանքի ենթակա աշխատավարձի չափը անհրաժեշտ է համապատասխանեցնել ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքի վերը նշված հոդվածով նախատեսված պահման ենթակա գումարի չափին: Նշված դիրքորոշումը հիմնավորելու համար անհրաժեշտ ենք համարում հղում կատարել նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ՍԴՈ-649 որոշմամբ արտահայտված այն դիրքորոշմանը, որ աշխատավարձը քաղաքացու սեփականությունն է: Այսինքն սեփականության սահմանափակումը հատկապես աշխատավարձի մասով չի կարող լինել մեխանիկորեն կիրառվող գործիք: Իրավական համեմատական վերլուծության շրջանակներում պարզ է դառնում, որ նույնիսկ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պարագայում, որի չկատարումը ենթադրում է քրեական պատասխանատվության հնարավորություն, անձի աշխատավարձի սահմանափակման դեպքում հստակ նախատեսում է, որ այն չի կարող լինել հիսուն տոկոսից ավելին: Բացի այդ, խնդիր է առաջանում նաև առհասարակ աշխատավարձի վրա կալանքի կիրառման դեպքերում, երբ առկա չէ դատարանի որոշում, իսկ դատական վերահսկողության ժամկետները որևէ կերպ հստակեցված չեն, նույնիսկ առկա չէ հրատապ քննության առնելու օրենսդրական պահանջ: Նշվածը հատկապես կարևորվում է նաև ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սոցիալական պետության սկզբունքի հրամայականով: Քրեական դատավարության օրենսգրքի խնդրո առարկա կարգավորումները հանգեցնում են այնպիսի իրավիճակի, երբ ազատության մեջ գտնվող անձը, ով կատարելով աշխատանք, ստանալով դրա դիմաց վարձատրություն, որից կատարվում են համապատասխան հարկային պահումները որևէ կերպ փաստացի չի կարողանում վարձատրվել, այլ կերպ ասած հայտնվելով կամ հարկադիր աշխատանքի կամ անվճարունակության վիճակում, որի հետ կապված պետությունը չի կատարում որևէ պոզիտիվ պարտականություն: Արդյունքում աշխատավարձը որպես անձի սեփականություն որևէ կերպ չտարբերակելով սեփականության այլ ձևերից և դրա ամբողջ ծավալի վրա մեխանիկորեն կալանքի կիրառման տարածումը, առանց դատարանի որոշման առաջացնում է անձի ՀՀ Սահմանադրության 60, 61-րդ հոդվածներով սահմանված իրավունքների խախտումներ, ինչպես նաև իրենից ենթադրում է իրավունքի բաց, որը ենթակա է ՀՀ Սահմանադրական դատարանում քննության:


Ելնելով վերոշարդրվածից, խնդրում ենք Ձեր լիազորությունների շրջանակներում ձեռնարկել համապատասխան միջոցներ Արմեն Գևորգյանի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ, ինչպես նաև օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ և <<Մարու իրավունքների պաշտպանի մասին >> ՀՀ օրենքով սահմանված Ձեր լիազորություններից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԿԱԼԱՆՔ ԴՆԵԼԸ» գլխում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնել համապատասխան իրավասու մարմնին, ինչպես նաև որպես վերացական սահմանադրական վերահսկողության սուբյեկտ դիմում ներկայացնել ՀՀ Սահմանադրական դատարան: Հայտնում ենք մեր լիարժեք պատրաստակամությունը դիմումի մշակման աշխատանքներին օժանդակելու հարցում:


Հարգանքով՝

Պաշտպաններ Է. Ալեքսանյան


Վ. Գևորգյան»

ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾ
«Ֆեյսբուքը» ինստագրամյան միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր պահել է բաց հասանելիության...
ՀԱՋՈՐԴ ՀՈԴՎԱԾ
«Ժամանակ». Ցեմենտի ներքո տեղի ունեցած իրական բախումը
ԿԱՐԾԻՔՆԵՐ

ԱՌՆՉՎՈՂ ՀՈԴՎԱԾ
Էստաֆետը հանձնում են երիտասարդ դերասաններին․ Նազենիի հուզիչ գրառումը

 

Այս թեմայով
am