Իմքայլական պատգամավորը միջնորդեց, որ ազատ արձակվի ծանր հանցագործության մեջ կասկածվող մեղադրյալը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 18-ին բավարարեց պատգամավոր Թագուհի Թովմասյանի ու Սողոմոն Սողոմոնյանի դիմումները և նրանց անձնական երաշխավորությամբ ազատ արձակեց 2016 թվականի դեկտեմբերի 2-ին «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության անվտանգության աշխատակիցներին սպանելու փորձի, ապօրինի կերպով հրազեն պահելու, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքից գողության փորձ կատարելու մեջ մեղադրվող Վահագն Մանուկյանին:

Ըստ մեղադրանքի՝ Մանուկյանը, նախնական համաձայնության գալով Արմեն Գրիգորյանի և գործով չպարզաբանված այլ անձանց հետ, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու հանքից զգալի չափի ոսկի պարունակող հանքանյութ գաղտնի հափշտակելու նպատակով մուտք են գործել նշված հանքի տարածք, սակայն հանքի անվտանգության աշխատակիցների կողմից խոչնդոտվել են, որի ընթացքում Վ. Մանուկյանը իր մոտ եղած ապօրինի ինքնաձիգով կրակահերթ և մենահատ կրակոցներ է արձակել աշխատակիցների ուղղությամբ:


Այսպիսով, Մանուկյանը մեղադրվում է սպանության փորձի, գողության փորձի եւ ապօրինի զենք զինամթերք կրելու մեջ:

Միջնորդության քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ չի ցանկանում խորանալ մեղադրանքի մեջ, պարզապես նամակ է ստացել Մանուկյանի ընտանիքից եւ որոշել նման միջնորդություն ներկայացնել:

«Մեղադրանքը դեռ ապացուցված չէ, եւ ես չեմ ուզում խորանալ մեղադրանքի էության մեջ: Ես ընդամենը երաշխավորում եմ, որ Վահագն Մանուկյանը պատշաճ վարքագիծ կդրսեւորի՝ գտնվելով ազատության մեջ»,- ասաց պատգամավորը:

Տուժողի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը հիշեցրեց, թե ինչ գործունեություն է ծավալում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, Հայաստանի հարկատուների ցուցակում հինգերորդն է, ապա հարց ուղղեց. «Արդյոք երաշխավորողը պնդո՞ւմ է իր միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ գործ ունենք մի հանցագործության հետ, որն ուղղված է ներդրողի շահերի դեմ, ՀՀ-ի 5-րդ հարկատուն համարվող ընկերության դեմ»:

Թագուհի Թովմասյանը պատասխանեց, որ տեղյակ է, ավելին՝ լավ հարաբերություններ ունի այդ ընկերության հետ, սակայն որպես մայր՝ իր համար ազդեցիկ է եղել ամբաստանյալի երեխաների նամակը: Նշենք, որ մյուս երաշխավորողը՝ ԲՀԿ-ական Սողոմոն Սողոմոնյանը, ուշացած ժամանեց դատարան: Նա գրությունը նախապես չէր ուղարկել, այլ իր հետ դատարան էր բերել: Երբ դատավոր Վարդան Հարությունյանն ընթերցեց Սողոմոնյանի գրությունը, Երվանդ Վարոսյանը նկատեց՝ բառացիորեն նախորդի կրկնությունն է:

Դատարանում ԲՀԿ-ական պատգամավորը հայտնեց, որ անձամբ է ճանաչում ամբաստանյալի ընտանիքին, ունեն քավոր-սանիկական հարաբերություններ: «Վահագն Մանուկյանի կինն իմ ընկերոջ աղջիկն է, բոլորը գոհ են իրենից, որեւէ վատ բան չեն տեսել իրենից, ես երաշխավորում եմ իր համար, որ պատշաճ վարքագիծ է դրսեւորելու»,- ասաց պատգամավորը:

Դատավոր Վարդան Հարությունյանը, պատգամավորին լսելով, հայտարարեց, թե հեռանում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, և միայն Երվանդ Վարոսյանի միջամտությունից հետո «հիշեց», որ միջնորդությունը դեռ չի քննարկվել, ու կողմերը կարծիք չեն հայտնել։ Մեղադրող Վարդան Լազարյանն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ մտավախություն կա՝ կալանքի հիմք հանդիսացած ռիսկերը չեզոքացված չեն: Երվանդ Վարոսյանը նույնպես առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ սա արհեստական գործընթաց է:

«Պատգամավորներից մեկն ասում է՝ իր համար հիմք է հանդիսացել ընտանիքի նամակը, մյուսն էլ ասում է՝ ընտանիքի հետ մտերմությունը, այսինքն երաշխավորության ինստիտուտի հետ այս ամենը կապ չունի: Բացի այդ, նույն տեքստն են ներկայացրել՝ բառացի, տառացի, հետեւաբար, սա արհեստական գործընթաց է, ուստի այս միջնորդությունը պետք է մերժվի: Մի մոռացեք նաեւ տուժողի մասին, որի կյանքը վտանգվել է, ամիսներ շարունակ բուժվել է: Նախորդ դատական նիստին մերժվել է պաշտպանության կողմի միջնորդությունը՝ ամբաստանյալի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելի ճանաչելու մասին, Դուք, հարգելի դատարան, գտել եք, որ կալանքի տակ ամբաստանյալին պահելու հիմքերը առկա են, իսկ այդ որոշումից հետո, մինչ օրս որևէ բան չի փոխվել», - ասաց Վարոսյանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ մոտ 30 րոպե անց վերադառնալով՝ բավարարեց միջնորդությունը, Վահագն Մանուկյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից: Դատավորի որոշումը ներկաներն ընդունեցին ծափահարություններով:

Լրագրողների հետ զրույցում Թագուհի Թովմասյանը նշեց, որ ինքն ընդառաջ է գնացել ընտանիքի անդամների խնդրանքին:

«Նորից եմ ասում՝ ես մեղադրանքի մեջ չեմ ուզում խորանալ, չեմ արդարացնում նրան, ես չեմ դատավորը, թող դատավորը որոշի, ես խնդրում եմ միայն ապահովել նրա ազատության այս իրավունքը, թող հետո դատարանը վճիռ կայացնի: Ես պատգամավոր եմ ընտրվել այս մարզից, մարդիկ ինձ վստահում են, եւ հիմա ժամանակն է, որ ես վստահեմ, ես այս ընտանիքին վստահում եմ, եւ վստահ եմ՝ ինձ ամոթով չեն թողնի»,- ասաց իշխող ուժի ներկայացուցիչը:

ԲՀԿ-ական Սողոմոն Սողոմոնյանն էլ իր հերթին մեզ հետ զրույցում վստահաբար հայտարարեց, որ ոչինչ ապացուցված չէ, նախաքննական մարմինն իր աշխատանքը պատշաճ չի կատարել, եւ գործը «սարքած է»:

«Ես նյութերին ծանոթ եմ, ապացույց չկա, վստահ եմ, որ ինքն այնտեղ չի եղել, չի կրակել, գործը սարքել են»,- ասաց պատգամավորը:

Մինչդեռ, դատարանի որոշումը տուժող կողմը խայտառակություն որակեց: Երվանդ Վարոսյանը նշեց, որ ակնհայտ ապօրինի որոշում է: «Ինձ համար անակնկալ էր այս որոշումը, անակնկալ էր նաեւ պատգամավորների դիրքորոշումը, որ մեկն ինչ-որ նամակի, մյուսը՝ բաջանաղի քավորի սանիկի համար կարող են գալ ու նման դիմում ներկայացնեն, իսկ դատարանն էլ ենթարկվել նրանց դիմումին, որովհետեւ նախորդ դատական նիստին նույնաբովանդակ միջնորդությունը մերժվել է: Այսինքն, դատարանն այս անգամ միջնորդությունը բավարարեց, որովհետեւ պատգամավորներ են ներկայացրել: Չմոռանանք, որ խոսքն ինքնաձիգով կատարված սպանության փորձի մասին է, ընդհուպ՝ կրակոցներ, որի հետեւանքով անվտանգության աշխատակիցներից մեկը 3 հրազենային վնասվածք է ստացել: Դատաքննությունը գտնվում է արդեն ավարտական փուլում, իսկ հետազոտված ապացույցներով ամբողջությամբ հիմնավորված է Վ.Մանուկյանին առաջադրված մեղադրանքը: Ապօրինի ինքնաձիգ պահելու, կրելու և այդ ինքնաձիգով հանքի տարածքում գտնվելու փաստն անգամ ամբաստանյալն է ընդունել: Նման որոշումը գնահատում եմ որպես կանաչ լույս «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության կողմից շահագործվող հանքում պարբերաբար տեղի ունեցող թալանը շարունակելու, հատկապես ԱԺ պատգամավորների դիրքորոշումն այս հարցով ակնարկ է այն գողերին, որոնք առավոտից երեկո շարունակում են ոտնձգությունները, որ մենք ձեր թիկունքին կանգնած ենք, սա նաեւ հարված է տնտեսվարող սուբյեկտին, այսպիսով պետությունը՝ ի դեմս 2 պատգամավորի, ցույց է տալիս իր դիրքորոշումը տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ»,- ասաց տուժողի ներկայացուցիչը:

Երվանդ Վարոսյանը հայտնեց, որ այս որոշումը պետք է բողոքարկվի:

Ի դեպ նշենք, որ դատական նիստի սկսվելուց մեկ ժամ առաջ դատարան էր ժամանել 2017 թվականի հուլիսին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված, հետագայում կալանավորված, իսկ 2018թ. սեպտեմբերին կրկին ԱԺ երկու պատգամավորների (Սուրեն Մանուկյանի եւ Հրաչյա Հակոբյանի) անձնական երաշխավորությամբ ազատ արձակված, ներկայումս ամբաստանյալի կարգավիճակ ունեցող՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Աղվան Պետրոսյանը։ Նրան դատարանի բակում դիմավորեցին ու պատիվ առան դատարանի կարգադրիչները, ապա ուղեկցեցին միայն դատավորների համար առանձնացված դատարանի փակ գոտի։

Այս թեմայով
am