Տուժողները լինելու են ցեմենտ արտադրող 1000 աշխատակիցները․ պատգամավորը դեմ է կարգավորմանը

Իրանական ցեմենտի ներմուծման վրա հավելյալ տուրք սահմանելու կարգավորումներում եղած որոշ դրույթների հարցում ԲՀԿ պատգամավորների դժգոհությունն այսօր բացատրեց նրանցից Արթուր Գրիգորյանը։ Նա չխուսափեց ասել, որ Հայաստանում ցեմենտ արտադրող խոշոր ընկերություններից մեկը «Արարատ ցեմենտն» է, որ պատկանում է Գագիկ Ծառուկյանին։

Գրիգորյանը բացատրեց, որ եթե ներկրվող ցեմենտի վրա տուրք դրվի, իսկ դրա հիմնական բաղադրիչ կլինկերի վրա տուրք չդրվի, այդ գործարանի համար ավելի հարմար կլինի ներմուծել էժան կլինկեր, և դրա մշակմամբ ստանալ ցեմենտ։ Այսինքն, ըստ պատգամավորի, ընկերության համար սա ավելի ձեռնտու է, բայց ձեռնտու չէ այն աշխատակիցների համար, որոնք զբաղվել են կլինկերի արտադրությամբ։

Պատգամավորը պնդում է, որ այդ մարդկանց թիվը մոտ 1000 է, քանի որ եթե ընկերությունը հիմա ունի 1400 աշխատող, ապա եթե սկսի կլինկերը ոչ թե արտադրել, այլ ներմուծել, կկարողանա ցեմենտի արտադրությունը կազմակերպել ընդամենը 400 աշխատակցով։

«Եթե մենք Արարատ քաղաքում 1000 մարդու դարձնենք գործազուրկ, որտե՞ղ են նրանք աշխատանք փնտրելու, որտե՞ղ են նրանք այդ աշխատանքը ճարելու, որ աշխատեն։ Ոչ մի տեղ։ Չկան նման ձեռնարկություններ», – ասաց Գրիգորյանը։

Այս թեմայով
am