Տղե՛րք ջան, «չագուչն էլ է ձեր ձեռը, նալն էլ, մեխն էլ», բայց խորհրդարանում նստած բողոքում եք կուսակցությունների միահեծանությունից. ՔՈ-ն ԱԺ-ում քաղաքական գործընթացներ չի տեսնում

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը չի կարծում, թե խորհրդարանում վերջին օրերին տեղի ունեցող  բանավեճը  քաղաքական, հանրօգուտ բնույթ ունի, խմբակցությունները միմյանց մեղադրում են միանձնյա լինելու մեջ, այն պարագայում, երբ կարող են դրա դեմ պայքարել օրենսդրական  լուծումներով:

«Ես ուզում եմ պատասխանել  «դասականի» բառերով՝ «տղերք ջան, չագուչն էլ ձեր ձեռը, նալն էլ , մեխն էլ: Այսինքն՝ խորհրդարանում նստած բողոքում են կուսակցությունների միահեծանությունից, է օրենք ընդունեք  կուսակցությունների մասին, ներքին  ժողովրդավարության մեխանիզմները  ֆիքսեք»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Նահապետյանը:

-Ձեր կարծիքով  վերջին օրերին  խորհրդարանում ընթացող  բանավեճը առարկայակա՞ն է:

-Առարկայական ոչինչ չեմ տեսնում մեկնաբանելու համար, որակական առումով իրար  բնորոշ խոսակցություններ են: Մեկն ասում է՝ թվեր չկան, մյուսն ասում է՝ կան, կառավարությունից էլ գալիս այլ թվեր են ասում: Մեկնաբանելու բան չկա, քաղաքական բովանդակություն չկա:

-«Իմ քայլի» պատգամավորները ԲՀԿ-ին մեղադրում են մեկ անձի վրա հենված լինելու մեջ, նույնը ԲՀԿ-ն ասում է «Իմ քայլի» մասին, սա հանրօգո՞ւտ  բանավեճ է:

-Ես ուզում եմ պատասխանել  «դասականի» բառերով՝ տղերք ջան, «չագուչն էլ ձեր ձեռը, նալն էլ , մեխն էլ»: Այսինքն` խորհրդարանում նստած բողոքում են կուսակցությունների միահեծանությունից, էհ օրենք ընդունեք կուսակցությունների մասին, ներքին  ժողովրդավարության մեխանիզմները  ֆիքսեք, որ, ենթադրենք, անձը  կուսակցության ղեկավար մարմնում չի կարող լինել 5 տարի:

Միմյանց կարող էին մեղադրել  այն ժամանակ, երբ հասարակական գործիչներ էին, երբ  արտախորհրդարանական հատվածում էին գործում, հիմա խորհրդարանում են, պետք է  բողոքների հիման վրա օրենք ձևակերպեն: Կներեք՝  ինչի՞ մասին է խոսքը, խորհրդարանում նստած բողոքում են, որ կուսակցությունները միահեծան են, փոխե՛ք օրենքը: 5 տարի  հետո, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ  նախագահ չլինի, կերևա՝  միահեծա՞ն է, թե՞ չէ, կամ էլ, եթե Նիկոլ  Փաշինյանը ՔՊ-ի  վարչությունում  չլինի,  կերևա՝ միահեծա՞ն են,  թե չէ:

-Ձեր կարծիքով՝ իշխանության հաղթաթուղթը շարունակում է մնալ հեղափոխությո՞ւնը, թե՞ դրանից հետո արված փոփոխությունները:

-Բնականաբար, հեղափոխությունը դուռ է բացել ապագայի համար և քաղաքացիները ոգևորված են նաև դրանով, բայց հեղափոխությունը  հեղափոխություն կլինի ռեֆորմների իմաստով, որոնք կարծես դեռ չեն շտապում իրականացվել: Նկատի ունեմ  ռեֆորմները թե՛  համակարգային իմաստով, թե՛  ճյուղային ոլորտներում: Չկա տեղ, որտեղ ռեֆորմներ իրականացնելու անհրաժեշտություն չլինի: Պետական կառավարման համակարգում ունենք մոտեցումներ, որոնք հնացել են, դրանք իրենց ժամանակին լավը կամ վատն են եղել: Շատ-շատ հարցերում ունենք ռեֆորմների անհրաժեշտություն, որոնք  չեն արվում:

-Իսկ Կառավարություն-ԱԺ  այսպիսի փոխհարաբերությունների պարագայում կարո՞ղ ենք այդ ռեֆորմներն ունենալ:

-Հիմնական օրենքները ձևավորվում են կառավարությունում, հետո խորհրդարան է վավերացնում: Ինչպես տեսնում եք խորհրդարանը  հակված է  այն կանխավարկածին, որ եթե գործադիրից մի բան ասում են, ուրեմն գիտեն: Չկա խորհրդարանի այնպիսի կազմ, որին հնարավոր չլինի  չհամոզել: Հիմա ամբողջ  տրամաբանությունը նրանից է բխում, որ 100 հազարավոր քաղաքացիների ցանկությունն է արտահայտում: Պետք է  կարողանալ ցույց տալ, թե  ինչպիսի արդյունքին են  հասնելու և որն է  ճիշտ  ճանապարհը:

Կարծում եմ՝ ռեֆորմների համար անհրաժեշտ է ձևավորել տարբեր  ոլորտներին առնչվող մասնագիտական հարթակներ,  ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք  կտիրապետեն  դաշտին, կուսումնասիրեն նաև մինչև  այժմ փակ  համակարգերը և դրանից  բխող  իրավիճակի գնահատում կանեն:

Ես տեսնում եմ, որ ինչ-որ բաներ փոխելու փորձ արվում է, դրանց կազմակերպչական աշխատանքի  հետ կապված շատ հաճախ կասկածներ եմ ունենում:

Բերում են կառավարության կառուցվածքային փոփոխությունների  նախագիծ՝ առանց այսպիսի  գնահատումների, հասկանալու, թե  ինչ  մեխանիզմ է  պետք դրա համար: Մերոնք  սկսել են կառուցվածքը փոփոխելուց, մնացած հարցերը թողել են, որ  հետո երևա: Պետք է շատ հստակ երկու  հարցի  պատասխան  ունենալ և նոր կպնել այնպիսի նուրբ  համակարգի, ինչպիսին հանրային կառավարման ապարատն է:

Ա. Ինչ եք ուզում անել, ինչ հաստիքներ են մեզ պետք դա  անելու  համար:

Բ. Իսկ  մեզ պետք եկող  հաստիքների, որ մասն է, որ ունենք, և որ մասն է ավելորդ:

Tert.am

Այս թեմայով
am