Հայաստանում ստեղծվում է ներդրումների աջակցման հիմնադրամ՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում որոշում կայացրեց ստեղծել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Հարցը ներկայացրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ հիմնադրամի նպատակը օտարերկրյա ներդրումների իրականացմանն աջակցելն է: Նրա խոսքով, այս կառույցը կզբաղվի, հավանաբար, 10 միլիոն դոլարը գերազանցող ներդրումների աջակցմամբ։


«Որակապես նոր քայլ ենք կատարում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Այս հիմնադրամը պետք է ուղեկցի նման նշանակալի ներդրումների իրականացումը:

Ֆոնդը իր նախաձեռնությամբ պետք է քննարկման առարկա դարձնի այնպիսի ծրագրեր, որոնք կարող են իրենց շուրջ հավաքել տարբեր մասնավոր եւ տարբեր ներդրումային ֆոնդերի հետաքրքրությունը առաջացնող ծրագրեր եւ նպաստի դրանց առաջխաղացմանը»,-ասաց նախարարը:

Նշենք, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերություն ստեղծելու նպատակը ՀՀ-ի տնտեսության զարգացման աջակցումն է` ներդրումների, այդ թվում օտարերկրյա ներդրումների ներգրավման միջոցով:

Ընկերությունը ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք եւ համալիր խորհրդատվության եւ աջակցության միջոցով կնպաստի ՀՀ-ում ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու եւ իրագործելու միջոցով Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը եւ գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման եւ գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման եւ կատարելագործման գործընթացին:

Այս թեմայով
am