«Օրենքով գող» Տարոյին Ռուսաստանից Իսպանիա կարտահանձնեն

«Օրոնքով գող» Տարիել Մուլուխովին (Օնիանի), որը հայտնի է «Տարո» մականունով, Ռուսաստանից Իսպանիա կարտահանձնեն, «Ռիա Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնից:

Ապրիլի 9-ին Տարոն Օրենբուրգի գաղութից ազատվել էր եւ անմիջապես կրկին ձերբակալվել: Սոլ Իլեցկի դատարանի որոշմամբ նա կալանավորվել էր 40 օրով մինչեւ մայիսի 19-ը:

«Օրենբուրգի մարզի Սոլ Իլեցկի շրջանային դատարանի որոշմամբ, ինչպես նաեւ արտահանձնելու մասին եվրոպական կոնվենցիայի հիման վրա Տ. Օնիանին կալանավորվել է՝ նրա հանձնումը Իսպանիայի թագավորության իրավասու մարմիններին ապահովելու համար»,- հայտարարել են գերատեսչությունից:

ՆԳՆ-ից նշել են, որ պատժաժամկետի լրանալուց հետո Օնիանին ձերբակալվել է որպես քաղաքացիություն չունեցող անձ՝ հետախուզման եւ կալանավորման մասին միջազգային ծանուցման հիմքով, ընդ որում՝ Ռուսաստանում նրա գտնվելու անցանկալիության մասին որոշումն ընդունվել է 2018-ի օգոստոսին: «Ոստիկանության աշխատակիցները մշտական հիմունքներով աշխատանքներ են կատարում Ռուսաստանի Դաշնության քրեական իրադրության վրա բացասական ազդեցության չեզոքացման ուղությամբ անձանց կողմից, որոնք բարձր դիրք են գրավում հանցավոր հիերարխիայում»,- հավելել են գերատեսչությունից:Քննության վարկածով՝ Օնիանին մի քանի հանցակիցների հետ, որոնց դեմ հարուցված գործն առանձին վարույթում է, 2009 թվականի մարտի 18-ին Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում առեւանգել են մայրաքաղաքային բիզնեսմենի: Նրան բերել են ռեստորաններից մեկը, որտեղ Օնիանիի հրահանգով դաժանորեն ծեծել են բեյսբոլի մահակով: Ձեռներեցին ազատելու համար նրա ազգականներից պահանջել են 500 հազար դոլար: Դատախազությունը պարզել է, որ տուժածին առեւանգելուց հետո 3 օր պահել են հատուկ վարձած բնակարանում:2009 թվականի մարտի 21-ին ստանալով փրկագնի մի մասը՝ 218 հազար դոլար, մեղադրյալները տուժածին ազատ են արձակել: Դրանից հետո նրանք, քննության վարկածով, ձեռներեցից պահանջել են վճարել փրկագնի մնացած մասը: Այդ ժամանակ նա դիմել է իրավապահ մարմիններին: Կասկածյալներին շուտով ձերբակալել են: Օնիանին դատապարտվել է 10 տարվա բանտարկության, սակայն հետագայում հասել է ժամկետը 2 ամսով կրճատելուն:Գաղութի ներկայացուցիչները նրան բնութագրել են որպես ռեժիմի չարամիտ խախտողի, որն ունի 253 տույժ, որոնց համար նրան բազմիցս տեղավորել են տուգանային մեկուսարան եւ պատժախուց: Օնիանին մշակութային միջոցառումներին չի մասնակցել, հրաժարվել է գաղութի բարեկարգման աշխատանքներից, չի ձգտել ազատ ժամանակ ինքնակրթությամբ, հանրօգուտ գործունեությամբ զբաղվել: Նշվել է, որ ղեկավարության հետ շփումներում Օնիանին իրեն լկտի, ոչ կոռեկտ է պահել, դժգոհություն է հայտնել պահման ռեժիմից: Նրան բնորոշել են որպես քիչ շփվող, ծածկամիտ, լկտի եւ խորամանկ մարդ:

Այս թեմայով
am