«Հենց ղարաբաղցիներն այդ հողում ապրելու, այն շենացնելու իրավունք ունեն». Էդուարդ Լիմոնովը՝ Արցախ կատարած այցի մասին

Ռուս գրող, հրապարակախոս Էդուարդ Լիմոնովը Regnumկայքում ծավալուն հոդվածով անդրադարձել է Արցախին՝ պատմելով Ստեփանակերտ, ինչպես նաև շփման գիծ կատարած այցի մասին:

«Սա աշխարհագրական դիրքի առումով վերջին քրիստոնեական պետության մայրաքաղաքն է՝ քրիստոնեության վերջին ամրակետը: Թող ռուսները մտածեն սրա մասին. այնտեղ բոլոր կողմերից իսլամական պետություններ են: Եվ եթե Իրանն Արցախին բարեկամաբար է վերաբերվում, ապա մյուս բոլոր երկրները՝ նախևառաջ Ադրբեջանը, թշնամաբար են վերաբերվում:

Իսկ նրանք ուրիշ էլ ի՞նչ կերպ կարող են վերաբերվել: Ինչ վերաբերում է նրան, թե այս հողերի նկատմամբ ով իրավունք ունի, ապա դա ղարաբաղցիներն են: Ղարաբաղի հայերը (նրանք 160 000-ից պակաս են) յոթ միլիոնանոց բնակչությամբ Ադրբեջանից ավելի ուժեղ դուրս եկան: Ղարաբաղցիները պատրաստ էին մեծ քանակությամբ մարդկային կյանքեր զոհաբերել և զոհաբերեցին, հետևաբար՝ հենց նրանք էլ այդ հողում ապրելու, այն շենացնելու իրավունք ունեն: Սեփական ուժի համար ներողություն խնդրել պետք չէ. Արցախին տիրում են ուժի իրավունքով»,-գրում է Լիմոնովը՝ Ռուսաստանի իշխանություններին խորհուրդ տալով ոչ թե բոլորի հետ ընկերություն անել, այլ ընտրություն կատարել, քանի որ «Կովկասում Ռուսաստանը հայերից բացի ոչ մեկ չունի»:

Այնուհետև հեղինակը պատմել է մաքուր և գեղեցիկ Ստեփանակերտից ստացած տպավորությունների մասին՝ մանրամասնելով, որ իր և ռազմական թղթակիցների թիմի այցի նպատակը շփման գծում հայտնվելն էր:

«Այստեղ Արցախի և Ադրբեջանի զինվորականները նստած են քիթ-քթի՝ մշտապես պատերազմի սպասումով»,-գրում է Լիմոնովը՝ մանրամասնելով, որ սկզբում արցախցի զինվորականները հրաժարվել են իրենց շփման գիծ թողնել՝ պատճառ բերելով լարված իրավիճակը: Սակայն Ստեփանակերտում նոր եկեղեցու բացման արարողության ժամանակ Լիմոնովին ճանաչել է Արցախի նախագահը: Նա նախագահին խնդրել է ճնշում գործադրել զինվորականների վրա ու իրեն շփման գիծ այցելելու հնարավորություն ընձեռել:

Ըստ Լիմոնովի՝ Արցախի նախագահն ընդառաջել է իր խնդրանքին: Այնուհանդերձ՝ հեղինակը շփման գիծ կատարած այցի մասին շատ մանրամասներ չի ներկայացնում՝ պատճառաբանելով տեղեկության գաղտնիությունը:

«Պետք չէ մտածել, որ Արցախը փոքր հանրապետություն է: Դա մեծ լեռնային հանրապետություն է: Իմ հոգին միշտ էլ պատկանել ու պատկանում է լեռնային պետություններին»,-եզրափակել է հեղինակը:

 

Այս թեմայով
am