«Բելառուսի համարներ ա եղել. բոլորդ գիտեք՝ կապն էլ, հրագանքն էլ, վստահությունն էլ»․ Գագիկ Ծառուկյանն՝ իր դիվանագիտական համարների մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զարմացնում է այն, որ իր՝ Արարատի մարզ այցելության ժամանակ ուշադրություն է  գրավել ոչ թե այն, որ ինքը հանդիպել է ցուցարարների հետ, այլ՝ այն, թե ինչ համարանիշով մեքենայով է եղել։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  նա պատասխանեց հարցին, թե ինչու է այնտեղ գնացել դիվանագիտական համարներով՝ շեշտելով, թե դա չեն հասկանա ընկերներ չունեցող մարդիկ։

«Ուրեմն, ես ասեմ նորից չհասկացողների համար, որ եթե ասեին՝ Ծառուկյանը խի ա գնացել, ինչ քայլ ա կատարել գյուղատնտեսության համար, ժողովրդի համար, խաղողագործության համար, մարդկանց հույս ա տվել, դուխ ա տվել, խնդիրներն ա կարգավորել, տրամադրել ա ամեն ինչ, ինչ հարց ասել են, տեղում լուծել եմ, մարդիկ գոնե բարի լինեն, ասեն խի ա գնացել, ասում են՝ Ծառուկյանի մեքենայի համարը սև էր, սպիտակ, թե կարմիր էր»,- շարունակեց Ծառուկյանը։

Նա շեշտեց՝ ով ընկերություն չունի, չի կարող հասկանալ, թե ինչու էին համարանիշները կարմիր։ Ըստ նրա՝ այդ համարանիշը Բելառուսն է տրամադրել իրեն։

«Սա բարեկամական հարաբերությունների, վստահության ինչ-որ նշան է, որ Ծառուկյանի համարները Բելառուսի համարներ ա եղել: Բոլորդ էլ գիտեք կապն էլ, հարգանքն էլ, վստահությունն էլ»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդն, արձագանքելով դիտարկմանը, որ դիվանագիտական համարներով նրա շրջելն օրինական չէ, հորդորեց դիմել համապատասխան դեսպանատուն և ստանալ փաստաթղթերը, թե ինչ հիմքով են իրեն դիվանագիտական համարանիշներ տրամադրել:

Հիշեցնենք, որ «Փաստերի ստուգման հարթակ»-ն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել, որտեղից երևում է, որ Գագիկ Ծառուկյանի մեքենան ունի դիվանագիտական համարներ։

Այս թեմայով
am