Իմ անունն ինձ համար շատ թանկ է՝ ի տարբերություն շատերի, որոնք այսօր ելույթ են ունենում իրենց հետագծի մասին. Համազասպ Դանիելյանը՝ ընդդիմադիրներին

Փոխադարձ վիրավորանքներ չեն եղել, ավելի շատ միակողմանի որակումներ են եղել։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի ու «Իմ քայլը» խմբակցության լեզվակռվին։ Նա շեշտեց՝ իր ելույթը նվիրված է եղել «Զինապարտության ու զինվորական ծառայության» մասին օրենքում փոփոխություններ կատարելուն։

Նա, անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի՝ իր անվան հետ կապված բառախաղին, թե «Համազասպ, մի քիչ զուսպ եղեք», Դանիելյանն ասաց․ «Մարդը, ով մեկ նախադասության մեջ օգտագործել է «տարրական բարոյականություն» արտահայտությունը, հետո իրեն իրավունք է վերապահել որևէ մեկի անվան հետ բառախաղ անել, կարծում եմ, որ արժանի չէ նույն մակարդակի արձագանքի։ Իմ անունն ինձ համար շատ թանկ է՝ ի տարբերություն շատերի, որոնք այսօր ելույթ են ունենում իրենց հետագծի ու ուրիշների կենսագրության փոքր լինելու մասին: Մի բան հստակ կարող եմ ասել՝ իմ կենսագրությունը կարճ կմնա այն պարագայում, եթե ընտրելու լինեմ ունենալ այն հետագիծը, որից իրենք խոսում են։ Իմ անունը պահելն ավելի կարևոր է, քան նման հետագիծ ունենալը»։

Պատգամավորը, խոսելով ընդդիմության այն հայտարարությունների մասին, թե «Իմ քայլի» պատգամավորների հիմնական հատվածը նույնիսկ 100 ձայն չէին ստանա, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի ու մի քանի այլ անհատների հեղինակությունը, նշեց, որ դրանք պնդումներ են, որոնք կարելի է միայն հերքել ընտրությունների դեպքում։

«Ինչպես նաև կարող ենք տեսնել, թե ով հաջորդ ընտրություններին քանի ձայն կհավաքի։ Այս մարդկանց մարտավարությունը հստակ է․ ես կոնկրետ բան եմ ասում, բայց ասածի իմաստը նենգափոխվում է, ընդլայնվում է և այլն։ Իմ ելույթը կոնկրետ վերաբերում է զինվորների հետ կապված օրենքի նախագծին, որտեղ փակագծեր շատ բացելու անհարժեշտություն չկա։ Ինչ-որ պրոֆեսիոնալիզմից էին խոսում որևէ տարրական հաշվարկներ չարած մարդիկ, դրանից հետո չգիտեմ ինչի Մարուքյան Էդմոնը որոշեց, որ ինքն իրեն իրավունք պետք է վերապահի խառնվել այս երկխոսությանն ու ինչ-որ արտահայտություններ անի։ Ափսոսում եմ, որ խորհրդարանի նիստերի ժամանակը հաճախ ծախսվում է նման խոսակցությունների վրա»,-շարունակեց Համազասպ Դանիելյանը։

Պատգամավորը  նկատեց, որ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ամբիոնից մտահոգ դեմքով խոսում է բարեկրթությունից, փոխադարձ հարգանքից, բայց միևնույն ժամանակ դահլիճից ամեն անգամ դուրս է գալիս դուռը շրխկացնելով, իսկ գործընկերոջն ասում ՝ «դու ո՞վ ես»։

«Տեսեք՝ խոսում են օրենսդրական կարգավորումից, բայց բոլորս գիտենք, որ ռեսուրս չկա: Բոլորս գիտենք, որ եթե հնարավոր լիներ այս նախագիծը կյանքի կոչել, ապա բոլորս կողմ կլինեինք։ Բայց մարդիկ բերում են նախագիծը, առիթն օգտագործում ու ասում, որ իրենք խոսում են զինվորի մայրերի հետ՝ ցանկանալով ներկայացնել, թե մենք խոչընդոտում ենք։ Պարզ գիտեն՝ խոչընդոտը մեր ցանկությունը չէ։ ԲՀԿ-ն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը գտել է լուծում՝ 10 տոկոս բարձրացնելու զինվորականների աշխատավարձը, բայց գիտենք չէ՞, որ սա զինծառայողների քանակի վրա չի ազդելու»,- եզրափակեց Համազասպ Դանիելյանը։

Այս թեմայով
am