Աշխարհի լիդերների արձագանքը Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիններից է արձագանքել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին՝ գրառում կատարելով թվիթերյան իր էջում: Նրան հետևել են այլ երկրների լիդերները: Բոլորը վշտակցել են ֆրանսիացիներին և հույս հայտնել, որ տաճարը կվերականգնվի:

Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախագահ

«Այնքան սարսափելի է տեսնել հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում: Աստված օրհնի Ֆրանսիայի ժողովրդին»:

Հայկո Մաաս, Գերմանիայի արտաքին գործերի նախարար

«Այս հրդեհը խիստ վշտացրել է գերմանացիներին, մեր ֆրանսիացի եղբայրների կողքին ենք: Հույս ունենք, որ հրդեհը կորուստներ չի բերի»:

Սթեֆեն Սեյբերտ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի քարտուղար

«Այնքան մեծ ցավ ենք ապրում՝ տեսնելով Փարիզի Աստվածամոր տաճարը կրակի մեջ: Տաճարը Ֆրանսիայի և եվրոպական մշակույթի խորհրդանիշն է: Մենք Ֆրանսիայի ժողովրդի կողքին ենք»:

Սադիք Խան, Լոնդոնի քաղաքապետ

«Սարսափելի տեսարան է, Փարիզի Աստվածամոր տաճարը՝ կրակի ճիրաններում: Լոնդոնը Փարիզին վշտակից է այսօր և բարեկամ՝ ընդմիշտ»:

Թերեզա Մեյ, Մեծ Բրիտանիայի վարչապետ

«Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը ողբերգություն է Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի համար: Կրակը ավերում է 850 տարվա պատմությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը և նկարչությունը: Դժվար կլինի դա մոռանալ: Ֆրանսիան կարող է հույսը դնել մեզ վրա՝ վերականգնելու ժառանգությունը»:

Ժաիր Բոլսոնարո, Բրազիլիայի նախագահ

«Խոր վշտի մեջ ենք: Սարսափելի հրդեհն ավերել է քրիստոնյաների հոգևոր և մշակութային խորհրդանիշերից մեկը: Մեր աղոթքներն ենք ուղղում ֆրանսիացիներին»:

Սաադ Հարիրի

«Ամբողջ աշխարհը խոր վշտի մեջ է` տեսնելով Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը: Լիբանանի ժողովուրդը Ֆրանսիայի հետ է: Սա աննկարագրելի հարված էր մարդկությանը և նրա ժառանգությանը»:

Աբդուլ Ֆաթթահ Ալ-Սիսի

«Սա հսկայական կորուստ էր: Եգիպտոսի ժողովուրդը ֆրանսիացիների կողքին է: Հուսով եմ, որ աղետի հետևանքներն անդառնալի չեն լինի և տաճարը կվերականգնվի»:

Այս թեմայով
am