Ես հույս ունեմ, որ նոր Հայաստանում Ոստիկանությունը նոր բովանդակություն, կերպար կստանա, և դա չի լինի որևէ քաղաքական ուժի, որևէ անձի ծառայելը. վարչապետ

Ուղիղ 1 տարի առաջ մենք միասին էինք, սակայն՝ փշալարերի տարբեր կողմերում: Ոստիկանության 101-ամյակի հանդիսավոր նիստի իր ելույթն այսպես սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով ՀՀ ոստիկանության աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առիթով:

«Ես այդ օրը նշանային եմ համարում ՀՀ ոստիկանության և ՀՀ քաղաքացիների հարաբերությունների միջև: Այդ օրվանից մեր հետևությունն այն էր, որ այդ բուն գործընթացը, երբ տեղի ունեցավ հակասության արտահայտիչ ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի հատիկ ատելություն: Հենց այս առումով եմ նշանային համարում այդ օրը և կարծում եմ, որ դա սկիզբն է մի նոր բովանդակության ՀՀ ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների միջև այն առումով, որ ՀՀ Ոստիկանության գործողությունները ատելություն չպետք է արտահայտեն և առաջացնեն: 

Ոստիկանությունը իրավապահ, ուժային մարմին է և աշխարհի յուրաքանչյուր երկրում երբեմն, ցավոք սրտի, ոստիկանությունը ստիպված է լինում դիմել ինչ-ինչ ուժային գործողությունների: Բայց կարևոր է ընդգծել, որ Ոստիկանության գործողությունները չպետք է արտահայտեն ատելություն: Մեր վերջին ամիսների ձեռքբերումը դա կարելի է համարել, որ ատելությունը՝ որպես հարաբերությունների հատկանիշ, ընդհանրապես դուրս է եկել քաղաքացիների և Ոստիկանության հարաբերությունից»,-շարունակելով ելույթը՝ ասաց Փաշինյանը:

Փաշինյանն իր ելույթում ընդգծեց՝ Ոստիկանությունը մեր պետականության հիմնասյուներից է, և պետք է արձանագրել, որ Ոստիկանության գործառույթների բարձր մակարդակի իրականացումը առաջին հերթին վկայում է պետության բարձր մակարդակի մասին. «Ես հույս ունեմ, որ այս հանգրվանում՝ նոր Հայաստանում, Ոստիկանությունը նոր բովանդակություն, կերպար կստանա, նոր անելիքի մեջ կդրսևորվի, և դա չի լինի որևէ քաղաքական ուժի, որևէ անձի ծառայելը»:

Վարչապետը ելույթի ավարտին ևս մեկ անգամ շնորհավորեց ՀՀ Ոստիկանության բոլոր աշխատակիցներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց կատարած աշխատանքի համար:

Այս թեմայով
am