Եթե ԱԺ հանձնաժողովը որոշում է կայացրել, որ կլինկերը չհարկվի, մենք ցեմենտ չենք արտադրի. Գագիկ Ծառուկյանը՝ «Արարատցեմենտում» ստեղծված իրավիճակի մասին

Ցեմենտի գործարանում ստեղծված  իրավիճակի հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Արարատի մարզում գտնվող իրեն պատկանող ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակին։

«Խնդիրը քննարկվել էր Էկոնոմիկայի նախարարի հետ և որոշվել էր տուրք սահմանել ներկրվող ցեմենտի համար։ Մենք էլ մեր կողմից 50 հազար դրամը սարքել էինք 40 հազար, որ պահանջարկը մեծ լինի, իսկ այսօր, չգիտեմ՝ ով, ինչ անձնական շահերից ելնելով, հանձնաժողովում որոշում է՝ թող էդքան ընտանիք չաշխատի, կլինկերի (ցեմենտի հումքի) վրա տուրք չդրվի։ Հենց կլինկերը ցեմենտի հիմնական մասն է, որը ծասխերի 90 տոկոսն է: 100 հազար տոննա ցեմենտ ստանալու համար հարկավոր է 3 մլն դոլար գազի գումար վճարել, միլիոն ու կես հոսանքի գումար վճարել, 1350 հոգու աշխատավարձ տալ: Իսկ եթե իրենք որոշում են կլինկերի վրա տուրք չդնել, իրենց անձնական շահերի, որոշ ծանոթ-բարեկամների խնդիրն են լուծում և պրովոկատորներին ուղարկել ցեմենտի գործարան, որ իրենք ընդհանրապես կապ չունեն ցեմենտի գործարանի հետ»,- շարունակեց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ խնդիրի կարգավորման համար կարևոր է  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանից պահանջել վերանայել դիրքորոշումը։ Նա նկատեց, որ երեկ ԱԺ-ում Բաբկեն Թունյանն այլ մի քանի պաշտոնյաների հետ հանդիպել է, իսկ իրենք ներգրաված չեն եղել, ինչն էլ անթույլատրելի է համարում։

«Երեկոյան ԱԺ-ում հանդիպել են Թունյանը, Սրյանը և Սարգսյանը չորրորդ մարդու հետ, սա անընդունելի է: Եթե այսօր էլ հանձնաժողովը որոշում է կայացրել, որ կլինկերը չհարկվի, տուրք չվճարի, ի՞նչ է եղել, հիմա մենք ցեմենտ չենք արտադրի, կլինկեր կբերենք, ի՞նչն է խնդիրը: Եթե իրենք չեն մտածում, ասում են՝ թող մի քանի հարյուր ընտանիք էլ անգործ մնա, ինչ կարող ենք անել։ Մենք քայլ ենք կատարել տնտեսական հեղափոխության համար, բայց այսօր հանձնաժողովի նախագահը պարտավոր է պատասխան տալ: Քննարկելիս կտեսնենք, որ ժողովուրդն էլ իմանա, թե իրենց թշնամին ով է: Կառավարությունը հանձնարարել է, հարցը լուծված է, թե ինչ փոխվեց հանձնաժողովում, բոլորդ էլ ներկա կլինեք և կտեսնեք»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն 1000-ից ավել աշխատակիցներին հայտնել էր, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Երեկ առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը, արտադրամասի պետերի մի մասն էլ հրաժարվել է դրանք բաժանել աշխատակիցներին: Նրանք գործարան տանող ճանապարհը փակել էին՝ ի նշան բողոքի:

Գործարանի աշխատակիցները ցեմենտարտադրության ոլորտում տեղի ունեցած զարգացումների հնարավոր պատճառ են համարում ՀՀ կառավարության` ներկրվող ցեմենտի մաքսատուրքն ավելացնելու որոշումը:

Նշենք նաև, որ «Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը կրկին փակ է, աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան: Նրանք գիշերել են այնտեղ:

Այս թեմայով
am