Նախարար Սուրեն Պապիկյանը հավաստագրեր է հանձնել նախարարությունում պրակտիկա անցած երիտասարդ մասնագետներին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է անցկացրել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով եռամսյա պրակտիկան հաջողությամբ անցկացրած և ավարտած երիտասարդ մասնագետների հետ։

Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել պրակտիկայի ողջ ընթացքում երիտասարդների ցուցաբերած նախաձեռնողականության, անհատական ու թիմային աշխատանքում դրսևորած բարձր արդյունավետության համար և ուրախությամբ փաստել, որ տարբեր ԲՈՒՀ-երում նրանց ձեռք բերած տեսական գիտելիրքներն իրենց գործնական արտահայտումն են ստացել նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատանքում։

Երիտասարդները շնորհակալություն են հայտնել նախարարին ընձեռնված հնարավորության համար և ընդգծել, որ նախարարության գործունեությանն ու նրա գործառույթներին հենց ներսից ծանոթանալն ուսանելի և օգտակար միջոց է նորավարտ մասնագետների կառավարչական հմտությունների զարգացման տեսանկյունից։ Միևնույն ժամանակ պրակտիկանտները նշել են, որ նախարարության կողմից ստեղծված են եղել անհրաժեշտ բոլոր պայմանները ստորաբաժանումների աշխատանքներում լիարժեք ինտեգրման և ինքնադրսևորման համար։

Հանդիպման ավարտին նախարարը հավաստագրեր է հանձնել երիտասարդներին և վերահաստատել, որ առաջիկայում լավագույն մասնագետների համար նախարարության համակարգում մրցութային հիմունքներով աշխատանքի անցնելու հնարավորություններ կընձեռնվեն։ 

 

Այս թեմայով
am