Մենք փողի խնդիր չունենք, բյուջեի ծախսային մասը կատարելու խնդիր ունենք. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ագրարային համալսարան: Բուհի ռեկտորը՝ Վարդան Ուռուտյանը, վարչապետին ծանոթացրել է Ագրարային համալսարանի ձեռքբերումներին ու նախատեսվող բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են համալսարանական կյանքն ավելի աշխույժ, իսկ կրթական գործընթացն արդյունավետ դարձնելու համար:

«Շուտով համալսարանը կդիմի կառավարությանը՝ նոր անասնաֆերմա ստեղծելու ծրագրով: Կերարտադրության հիդրոպոնիկ եղանակ կներդրվի, կաթնամթերքի արտադրության վարպետների դպրոց կհիմնվի, որտեղ կարճաժամկետ դասընթացների միջոցով դասընթացներ կանցկացվեն, օրինակ` եվրոպական պանիրների արտադրության դասընթացներ: Ներդրումային ծրագիր կիրականացվի նաև գինու, տուրիզմի և ուսումնական կենտրոնի ստեղծման համար, որը հզոր պոտենցիալ ունի տուրիստ ներգրավելու, միջազգային փառատոններ, պրոֆեսիոնալ համտեսներ իրականացնելու համար, կստեղծվի նաև գինու պատմության թանգարան, մառան, տուրիզմի տեղեկատվական անկյուն: Մոտ 300 մլն դրամով հնարավոր է իրականացնել: Բարերարների միջոցով գումարի կեսի խոստումն արդեն կա»,- ասաց ռեկտորը:

Վարչապետն արձագանքեց` ասելով, որ որտեղ կիսատ է, միասին կարող են ծանոթանալ և ավարտին հասցնել: Վարդան Ուռուտյանը ներկայացրեց նաև ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող ծրագրերի մասին, երբ տեխնոլոգիական լուծումները կիրառվում են գյուղատնտեսության մեջ, ուսումնասիրվում են տվյալների բազաները և դրանց վերլուծության արդյունքում խորհրդատվություն է տրվում կառավարիչներին:

«Մենք ունենք սենսորներ, ռոբոտներ, որոնք արդյունավետ աշխատանք են իրականացնում: Օրինակ` բուսականության ինդեքսները, արբանյակի նկարների միջոցով հնարավոր է պարզել, թե դաշտի որ հատվածում ինչ պարարտանյութ և ինչ չափով պետք է տանք, ծախսերի խնայողություն է իրականանում այս տեխնոլոգիաների կիրառման արդյունքում: Մի օրինակ բերեմ Հոլանդիայից, որտեղ մարդիկ կետային մակարդակով գիտեն, թե որ հողակտորում ինչ է մշակված: Կարողանալու ենք նաև գնահատել ապագա բերքը, եղանակային պայմանները նույնպես կարող են ծրագրավորել այս համակարգում, Հայաստանը պետք է գնա այս ուղղությամբ»,- նշեց ռեկտորը:

Ներկայացված ծրագրերում վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ բոլոր ծրագրերը միտված են եկամուտ բերելուն, ինչը կարևոր է համալսարանի կենսունակության, հետազոտական աշխատանքների որակի համար: Անդրադառնալով ներդրումներին`վարչապետը հորդորեց այս հարցում փոխել մտածելակերպը:

 «Մենք համոզվա՞ծ ենք, որ չենք կարող մեր բյուջեի միջոցներից ունենալ ռազմավարություն, նախագիծ, նախահաշիվ ներկայացնենք և այդ ծրագրերն իրականացնենք: Ով կուզենա օգնի, թող օգնի, բայց ինչ ուզում ենք, գնում ենք, բարերարներին ասում ենք` մի բան տվեք: Վա´յ, գյուղհամալսարանում ուզում ենք մի հատ լսարան ունենանք, գնանք բարերար գտնենք: Բա ինչի՞ համար ա պետբյուջեն: Բարերարների ներգրավվածությունը շատ լավ ա, բայց ոնց որ մեր գործունեությունը պետական տրամաբանության մեջ չի: Բարեգործությունը վատ բան չի, բայց մի քիչ կուստառնի տրամաբանություն է ստացվում: Եթե այսօր գյուղհամալսարանի հետ կապված խնդիր ունենք, պետք է կենտրոնանանք, 1, 2, 3 տարվա մեջ դնենք ֆինանսավորումը, խնդիրը լուծենք մինչև վերջ: Համարենք, որ մեր օրակարգից մի հարց պակասեց, թե չէ օրակարգից խնդիր չի պակասում: Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ մենք փողի խնդիր չունենք: Անցած տարի առնվազն մենք բյուջեի ծախսային մասը կատարելու խնդիր ունեինք»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց Ագրարային համալսարանի դերը:

Այս թեմայով
am