Ախրանիկ-պատգամավորը թաքցնում է ճշմարտությունը

Օրերս մամուլը անդրադարձ էր կատարել վարչապետ Փաշինյանի ախրանիկ-պատգամավոր Հայկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի գործունեությանը։ Ըստ հրապարակման Զարեհ Սարգսյանը, որը նախկինում սոցիալական ծառայության պետն է եղել, խոշոր գումարներ է յուրացրել և պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում եռահարկ դղյակ կառուցել։

Հայկ Սարգսյանը «Ֆակտոր» լրատվականի հետ զրույցում անդրադառնալով այդ հրապարակմանը ասել էր․«Իմ հայրը դղյակ կառուցել է, երբ պաշտոն չի զբաղեցրել։ Դա դղյակ չէ, դա երեք հարկանի տուն է, որը մամուլում դղյակ են անվանում։ Նման տները Հայաստանում բազմաթիվ են»։ Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ պատգամավորի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, որը նախկինում սոցիալական ծառայության պետն է եղել, խոշոր գումարներ է յուրացրել։ 

Պատգամավորի արդարացումները սակայն հերքվում են ժամանակի մամուլի հրապարակումներով։ 2002 թվականին «Առավոտ» օրաթերթը «Այս տունն իրականում թոշակառուների՞ն է» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որում անդրադարձ էր կատարվում Զարեհ Սարգսյանի պաշտոնական գործունեությանը։Հոդվածում մասնավորապես ասվում է․«Մինչ Ճամբարակից Երեւան տեղափոխվելն ու այստեղ պաշտոններ զբաղեցնելը, Զարեհ Սարգսյանը եղել է Կրասնոսելսկի շրջանի գործկոմի նախագահ։ Սակայն 1996թ. փետրվար ամսին վերջինս ազատվել է այդ աշխատանքից եւ նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նշանակվել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ։ 1997թ. վերջին հիշյալ վարչությունն առանձնացվեց նախարարությունից, դարձավ առանձին կառույց ու վերանվանվեց որպես կենսաթոշակային հիմնադրամ։ Պետը դարձյալ Զարեհ Սարգսյանն էր, որն այդ պաշտոնում շարունակեց մնալ մինչեւ 2000թ. սեպտեմբեր ամիսը։ Այնուհետեւ վերջինս նշանակվեց ՀՀ պետական գնումների գործակալության տնօրենի պաշտոնում։ Սակայն մեկ տարի անց նրան հեռացրեց Անդրանիկ Մարգարյանը եւ փոխարենը այդ պաշտոնում նշանակեց մեկ այլ ՀՀԿ-ականի՝ Գագիկ Խաչատրյանին։ Այժմ Զ. Սարգսյանը գործազուրկ է, սակայն դա ավելի շատ պարտադրված «պարապուրդ» է։ Ըստ մեր տեղեկությունների, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նրան աշխատանքից հեռացրել է այն պատճառով, որ Զ. Սարգսյանի դեմ համապատասխան մարմինները քրեական գործ հարուցելու փաստեր էին ներկայացրել։ Սակայն ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը բավական մտերիմ հարաբերություններ ունի կենսաթոշակային հիմնադրամի նախկին պետի հետ, դա կանխելու համար նրան հեռացրել է աշխատանքից այնքան ժամանակով, մինչեւ այդ կրքերը հանդարտվեն։ Բանն այն է, որ կենսաթոշակային վարչության, այնուհետեւ կենսաթոշակային հիմնադրամի նախկին պետն այդ տարիներին բավական «անփույթ» է աշխատել, որի խախտումներին նաեւ ԱԺ վերահսկիչ պալատն է անդրադարձել իր 2001թ. հաշվետվության մեջ։ Ըստ հավաստի աղբյուրների, այդ հիմնադրամում ստուգումներ անցկացնելու հանձնարարականը ներկայացրել է վարչապետ Վազգեն Սարգսյանը, որը եւ դասվել է նրա հանձնարարականների առաջին շարքերում։ Իր դղյակի հիմնական շինարարական աշխատանքները Զարեհ Սարգսյանը սկսել է 1998թ.․․»։

Ինչպես նկատելի է «Առավոտ» օրաթերթի հոդվածից, Զարեհ Սարգսյանն իր դղյակը սկսել է կառուցել 1998 թվականին։ Իհարկե այն հիմա կարող է համարվել եռահարկ առանձնատուն և ոչ թե դղյակ, բայց չպետք է մոռանալ, թե երբ է այն կառուցվել։ Եվ սա այն դեպքում, երբ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին 1996-97 թվականներին ամիսներով թոշակառուների թոշակները չէին վճարվում։ 

Հուսով ենք, երբ նոր իշխանությունները ներդնեն անցումային արդարադատություն, կանդարդառնան նաև Զարեհ Սարգսյանին և կփորձեն պարզել, թե այդ ինչ միջոցներով է սոցիալական ծառայության պետը նման առանձնատուն կառուցել։

 

Գրում է`politik.am-ը

Այս թեմայով
am