ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը շատ կարեւոր էր մեզ համար. սա մեսիջ էր. Դավիթ Բաբայան

Շատ կարեւոր էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի արած մի հայտարարությունը: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը։«Մի կողմ դնենք դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը, բայց նա կատարեց մի շատ հետաքրքիր բացատրություն՝ խոսելով Իսրայելի համար Գոլանի բարձունքների մասին: Նա ասել է՝ տեղի է ունեցել ագրեսիա, եւ պաշտպանության տեսանկյունից, երբ մի երկիր ագրեսիայի է առճակատվում թշնամի երկրի կողմից, այդ երկիրն իրավունք ունի ինքնապաշտպանվելու եւ այդ ինքնապաշտպանությունը կարող է դրսեւորվել սահմանների փոփոխությամբ: Այս պարագայում, լեգիտիմացվում է սահմանների փոփոխությունը: Սա շատ կարեւոր հայտարարություն է»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ իրենք չեն խորանում այդ հայտարարության աշխարհաքաղաքական ենթատեքստի մեջ, այլ միայն փաստն են վերցնում:


«Մենք ասում ենք՝ տեսեք, թե միջազգային հանրության կարծիքներն ինչպես են փոխվում: Տվյալ դեպքում մեզ համար դա շատ կարեւոր փաստարկ է, որը մենք պետք է օգտագործենք: Փաստորեն Ադրբեջանն ագրեսիա է ցուցաբերել Արցախի նկատմամբ, լայնածավալ պատերազմ է սկսել, եւ դրա արդյունքում փոխվել են սահմանները: Ուրեմն այդ սահմանների փոփոխությունը լեգիտիմ է: Սա է փաստորեն ասել ԱՄՆ-ն երկրի պետքարտուղարի եւ նախագահի շուրթերով: Սա, փաստորեն, մեսիջ է, պատգամ է, ԱՄՆ գերտերության տեսլականն է: Մենք սա պետք է հաշվի առնենք եւ նմանատիպ քննարկումների ժամանակ անպայման նման գաղափարները մեջբերենք»,-ասաց նա:

 

Այս թեմայով
am