Ներթիմային լուրջ պայքար իշխանության մեջ. գործի են դրել «ֆեյքերին» եւ փորձում են բոլոր ձեւերով «փչացնել» իրար

«Փաստ» թերթը գրում է.

«Ժամանակին «Փաստ» թերթը գրել էր, որ Լոռու մարզում կուսակցական, քաղաքական ազդեցությունների ներքին պայքար է ընթանում, մասնավորաբար՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ու նախկին փոխմարզպետ, ներկայումս պատգամավոր Արամ Խաչատրյանի միջեւ։

Այս պայքարը սկսվել էր դեռեւս նախընտրական շրջանում. մենք գրել էինք, որ այս «բազարին» խառնվել է նաեւ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը։ Մեր այդ հրապարակումը ոմանց կողմից սվիններով ընդունվեց, սակայն մեր աղբյուրները շարունակում էին հաստատել, որ արշալույսներն այստեղ իրոք խաղաղ չեն:

 

Այս ենթատեքստում ուշագրավ էր Լոռու փոխմարզպետ Արշակ Հովսեփյանի ազատումն ու նրա որոշ մեկնաբանությունները: Վերջինս իր հարցազրույցներից մեկում հաստատել է, որ Անդրեյ Ղուկասյանի եւ Արամ Խաչատրյանի «միջեւ եղած լարվածությունը անհերքելի փաստ է, որոշակի հակասություններ կան: Քաղաքական թիմի աշխատողներ ունենք, որոնք այլեւս չեն աշխատում մարզպետարանում:

Մարզպետը որեւէ անգամ կուսակցության գրասենյակ չի այցելում բացարձակապես, մի քիչ տրամաբանական չի, կուսակցության քվոտայով առաջադրվել է, բայց կուսակցության հարցերով չի զբաղվում: Վերջին անգամ կարող է դեկտեմբերին եկած լինի գրասենյակ…»:

Նշված «քաղաքական թիմի աշխատողները», որոնք ազատվել են, փաստացի Արամ Խաչատրյանի կադրերն են: Հիմա արդեն, Լոռու մեր աղբյուրների ներկայացմամբ, իրավիճակն այն աստիճանի է լարված, որ թիմակիցները թե՛ բացահայտ եւ թե՛ ֆեյքերով գրոհում են միմյանց վրա։

Այս հակամարտությունը թեպետ գլխացավանք է դարձել Սուրեն Պապիկյանի համար, սակայն իշխանությունները դեռեւս լուծում չեն կարողանում գտնել, քանի որ կողմերի հետ կապված վերապահումներ ունեն. Խաչատրյանը մարզում հավաքել էր ամենաշատ քվեները, իսկ մարզպետը՝ մոտ 5000 ձայն, իշխանությունները չեն ուզում «նեղացնել» նախկին փոխմարզպետին, միաժամանակ «փաղաքշում» եւ «տակից դուխ» են տալիս մարզպետ Ղուկասյանին՝ նպատակ ունենալով չսրել վիճակը:

Սակայն դրանից մթնոլորտի լարվածությունը չի թուլանում. երկու կողմն էլ ունի սատարողների ու սատելիտների բավականին լուրջ քանակ եւ հնարավոր բոլոր ձեւաչափերով փորձում են «փչացնել» իրար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am