Դպրոցում, եթե  ամեն տարի փոփոխություն չի լինում, ուրեմն դպրոցը քնում է. Տնօրեն

Meganews  լրատվականը Գիտելիքի օրվա առթիվ զրուցել է Սամվել Գևորգյանի անվան ավագ դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանի հետ։

-Տիկին Դավթյան դուք կարճ ժամանակահատված է, ինչ ավագ դպրոցի տնօրեն եք։ Ե՞րբ եք նշանակվել։

-Երեք ամիս է, ինչ նշանակավել եմ Սամվել Գևորգյանի անվան ավագ դպրոցում՝ որպես տնօրեն։ Մինչ այդ եղել եմ Սիլվա Կապուտիկյանի անվան հիմնական դպրոցի տնօրենը։

-Դժվար չէր արդյո՞ք տեղափոխությունը։

-Տեղափոխությունը դժվար էր այնքանով, որ նախկին դպրոցում աշխատել եմ վեց տարի։ Դժվար էր այնքանով, որ կոլեկտիվում դառնում ես հարազատ մարդ և դպրոցը դառնում է քո ընտանիքը։ Զուտ այն պահը, որ թողնում ես քո ընտանիքը և գնում ես այլ տեղ, իհարկե դժվար է։ Ինչ վերաբերում է ուսումնական մասին՝ իհարկե դժվար չէր։ Ես դպրոցի մարդ եմ, մասնագետ և այդ առումով դժվարությունների չեմ հանդիպել փոփոխության ժամանակ։

-Ավագ դպրոցում է հեշտ աշխատել, թե՞ հիմնական դպրոցում։ Ո՞րն է տարբերությունը։  

-Ավագ դպրոցը պարզապես ունի իրեն բնորոշ հատկություններ։ Այստեղ սովորում են մեծահասակներ։ Միայն ծրագրային փոփոխություն է։ Աշխատանքի առումով բարդ բան չկա։ Միայն թե դժվար է այնքանով, որ այստեղ սովորում են աշակերտներ, ովքեր ավարտում են և միանգամից գնում են ծառայության։ Նրանց հետ հատուկ աշխատում ենք, որպեսզի տղաները պատրաստ լինեն բանակին և՛ հոգեպեբանորեն, և՛  ֆիզիկապես։ Մեր դպրոցում Զինվորական պատրաստվածություն առարկային մեծ ուշադրություն է դարձվում։ Ի վերջո հերոս Սամվել Գևորգյանի անունն է կրում դպրոցը, որը մեր աշակերտներին ավելի է ոգեշնչում։

-Արդյո՞ք սեպտեմբերի 1-երը տարբերվում են միմյանցից։

-Իհարկե։ Ամեն տարի սեպտեմբերի մեկը տարբերվում է նախորդից։ Ամեն տարի նոր շունչ ենք բերում դպրոց։ Դպրոցում, եթե  ամեն տարի փոփոխություն չի լինում, ուրեմն դպրոցը քնում է։ Պետք է դպրոցը ծաղկի,զարգանա ու դեպի առաջ գնա ամեն օր։ Կրթության և գիտության նախարարը շեշտը դնում է, որ դպրոցում տնօրենը պետք է լինի ժամանակակից մենեջեր, չնայած ես փորձում եմ աշակերտների հետ դասարանում շատ ժամանակ անցկացնել, որպեսզի կարողանամ նրանց ավելի շատ օգնել ուսման մեջ։

-Ի՞նչ եք մաղթում նոր ուսումնական տարվան ընդառաջ։

 -Հատկապես ավագ դպրոցի աշակերտներին ամենակարևորը մաղթում եմ հաջողություններ ու հաղթանակներ օլիմպիադաներում։ Մեր դպրոցում ունենք , քաղաքային և  հանրապետական փուլում հաղթած աշակերտներ և ցանկանում եմ, որ նման երեխաները շատ լինեն, որպեսզի կարողանանք ցույց տալ մեր դպրոցի շունչը։ Ուզում եմ նաև, որ շատ լինեն ոսկե մեդալակիրները։  Այս տարի մեր դպրոցում ունենք102 10-երորդ դասարանցիներ, ովքեր հիմնական դպրոցի 9-րդ դասարանից վկայական են ստացել և եկել են ավագ դպրոց։ Շնորհավորում եմ բոլորին, ովքեր առաջին դասարան են ընդունվել կամ առաջին անգամ ավագ դպրոց են գնացել։ Թող 2017/18 ուսումնական տարին հաջող լինի և՛ մանկավարժների, և՛ աշակերտների համար։

Այս թեմայով
am