Լավրովի ուղերձը շատ հստակ էր. Ադրբեջանը վերջնականապես կորցրեց Ղարաբաղը.«Ժամանակ»

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջանային այցով մեր տարածաշրջանում է: Կիրակի օրը՝ նոյեմբերի 19-ին, նա ժամանել է Բաքու: Նույն օրը նրան իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահը: Եվ պետք է ասել, որ Բաքվում Լավրովի հանդիպումների ու ելույթների մասին ընդհանուր տեղեկատվությունից տպավորությունն այն է, որ այնուամենայնիվ, քննարկման հիմնական թեման եղել է հենց ղարաբաղյան հարցը, որի առնչությամբ կարելի է առանձնացնել մի քանի ուշագրավ հայտարարությունը:

Մասնավորապես՝ Իլհամ Ալիևը Լավրովի հետ հանդիպման ընթացքում շեշտել է, թե Ադրբեջանը շահագրգռված է ղարաբաղյան հարցի «շուտափույթ» լուծմամբ: Լավրովն իր հերթին ավելի ուշ՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների խնդիրները չեն ազդում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների համագործակցության վրա:

 

«Ժամանակ»-ի հետ հարցազրույցում խոսելով թեմայի շուրջ՝ Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծիք հայտնեց, որ Լավրովն այս հայտարարությամբ փաստացի կանխեց ռուս-ամերիկյան խնդիրները Ադրբեջանի կողմից շահարկելու հնարավորությունը: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը վերջնականապես կորցրեց Լեռնային Ղարաբաղը:

– Պարոն Տարասով, ի՞նչ արդյունքներ է գրանցել Լավրովի այցն Ադրբեջան: Ի՞նչ հետևություններ կարող ենք անել:

– Առաջին տպավորությունն այն է, որ Լավրովին պտտեցրել են, ինչպես ասում են՝ «ծիսական շրջանով»: Նախ, Լավրովը ելույթ է ունեցել դիվանագիտական ակադեմիայում: Նրան դիտավորյալ են այնտեղ քարշ տվել, որպեսզի նա բացի խաղաքարտերը, բայց Լավրովը չեզոքացրեց Ադրբեջանի ամերիկյան խաղաքարտը: Նա ասաց, որ Ռուսաստանը շատ լուրջ խնդիրներ ունի Միացյալ Նահանգների հետ, բայց ղարաբաղյան հարցում, որքան էլ տարօրինակ է, «մենք ընդհանուր դիրքորոշում ունենք»:

– Ի՞նչ տողատակեր ունի այս հայտարարությունը:

– Այո, սա գլխավոր մոտեցումն է: Նշանակում է՝ ձախողվել են բոլոր փորձերը՝ միացնելու Թուրքիային կամ մեկ ուրիշի ղարաբաղյան գործընթացին, հետևաբար միջնորդներն ընտրում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման սցենարը: Երկրորդը, նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալու է Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը, որտեղ շարունակվում է պայքարն այն հարցի շուրջ, թե ինչ ձևակերպումներ պիտի տեղ գտնեն եզրափակիչ հռչակագրի տեքստում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Հայերն այնտեղ շատ գրագետ աշխատեցին՝ հանեցին բոլոր ձևակերպումները, և հիմա ասում են, որ լինելու են չեզոք ձևակերպումներ: Պատճառն այն է, որ Եվրոպան չի համաձայնվում օգտագործել տարածքային ամբողջականության պահպանման տերմինն Ադրբեջանի և Եվրամիության երկկողմ փաստաթղթերում: Սա շատ սկզբունքային հարց է: Ադրբեջանն օգտագործում էր իր բոլոր ռեսուրսները՝ էներգետիկ, կոմունիկացիոն և այլն, այս հարցում առավելություն ստանալու համար, բայց դա օգուտ չի բերում, որովհետև Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրամիության մոտեցումները ղարաբաղյան հարցում համընկնում են:

Գլխավորն այն է, որ բանակցությունների հիմքում առայժմ դրված են Մադրիդյան սկզբունքները, որոնցում, իմ կարծիքով, գլխավորը Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու հարցն է: Իսկ ընդհանուր առմամբ, սկզբունքային հանգամանքն այն է, որ Էրդողանի վերջին հայտարարությունից հետո, թե Պուտինը չի հավատում կարգավորման հնարավորությանը, կարելի է ասել՝ հակամարտությունը գնում է դեպի սառեցում: Եվ հիմա Լավրովը, որը Բաքվից արդեն մեկնել է Երևան, հետևելու է այս սցենարին, որ անհրաժեշտ է կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am