Վարչապետն այցելել է կադաստրի պետական կոմիտե

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտե: Վարչապետը նախ շրջայց է կատարել կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակում՝ ծանոթացել մատուցվող ծառայություններին և դրանց բարելավման ուղղված աշխատանքներին:

Այնուհետև տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է 2016-2017 թվականների ընթացիկ ծրագրային աշխատանքների մասին, ներկայացրել ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները, կադաստրի համակարգի ձեռքբերումները, ծրագրերի ընթացքը, անդրադարձել առկա խնդիրների լուծման հնարավորություններին:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այս տարվա ընթացքում արդեն իսկ հինգ տարածքային ստորաբաժանումներ միավորվել են Երևանի և մարզերի ստորաբաժանումների հետ, 3 սպասարկման գրասենյակներ միավորվել են այլ գրասենյակների հետ, իսկ ևս 3-ը՝ լուծարվել: Նախատեսվում է մինչև տարեվերջ լուծարել ևս 5 սպասարկման գրասենյակ:

Միավորվել են նաև համակարգի երկու ՊՈԱԿ-ներ:
Օպտիմալացումների արդյունքում տնտեսվել է 385 մլն դրամ: Վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք լուծարված սպասարկման գրասենյակների հետևանքով բնակչությանը մատուցվող ծառայությունների հետ կապված խնդիրներ չեն առաջացել: Զեկուցվել է, որ մատուցվող ծառայությունները պատվիրակվել են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին, և այդ առումով որևէ խնդիր չի արձանագրվել, քաղաքացիների համար որևէ դժվարություն չի առաջացել: Կարեն Կարապետյանը ողջունել է իրականացվող բարեփոխումը և առաջարկել սպասարկման մյուս գրասենյակների դեպքում ևս գործել նույն կերպ:

Նշվել է, որ այդ պարագայում կտնտեսվի լրացուցիչ 635 մլն դրամ:
Անդրադառնալով իրականացվող բարեփոխումներին՝ Մարտին Սարգսյանը զեկուցել է անշարժ գույքի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տվյալների բազայի ձևավորման, առցանց էլեկտրոնային ծառայությունների ավելացման, մատուցվող ծառայությունների ընդլայնման ու սպասարկման որակի առավել բարելավման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող քայլերը:

Ներկայացվել են ավարտման փուլում գտնվող Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև կոմիտեի գեոպորտալի՝ թվային առցանց աշխատող հարթակի ստեղծումը, որը պարունակում է աշխարհագրական տարածական տվյալներ և օժտված է վերլուծական ու որոնման համապատասխան գործիքակազմով: Այդ հարթակում ներառվել են շահառու ՀՀ պետական կառավարման մարմինները, ինչպես նաև գծային ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպությունները:
Ներկայացվել է նաև կոմիտեի կողմից իրականացվող Սևանա լճի ափամերձ տարածքների երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքը, որը ներառում է 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելի ձևավորումը: 

Զեկուցվել է, որ նախատեսված աշխատանքները հնարավորություն կտան հետագայում հնարավորինս ճշգրիտ կանխատեսումներ իրականացնել Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացող առափնյա խնդիրների վերաբերյալ:
Վարչապետին զեկուցվել է նաև կադաստրի համակարգում նախատեսվող մի շարք այլ բարեփոխումների մասին, որոնք միտված են մատուցվող ծառայությունների բարելավմանն ու ոլորտի զարգացմանը:
Կարեն Կարապետյանը կարևորել է ներկայացված ծրագրերի իրականացումը և նշել, որ ոլորտում առկա տնտեսումներն ու կոմիտեի կողմից ՀՀ պետբյուջե փոխանցվող գումարների մի մասն ուղղվելու են կադաստրի համակարգի բարեփոխումների իրականացմանն ու այդ բնագավառի շարունակական արդիականացմանը:

Վարչապետը հանձնարարել է ակտիվորեն շարունակել նախատեսվող ծրագրերն ու կարևորել գյուղատնտեսական նշանակության և արդեն իսկ օգտագործվող հողատարածքների հաշվառումը, առկա վիճակագրական տվյալների ճշգրտումը, կադաստրի համակարգի համալրումը նորագույն տեխնոլոգիաներով:

Այս թեմայով
am