Հրապարակային բանավեճի առաջարկ եմ անում. Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանում ներկայացրեց իր համահեղինակությամբ մշակված օրենքի նախագիծը, որ վերաբերում էր գործատուների իրավաչափ շահերի պաշտպանությանը: Ըստ գործող օրենքի՝ եթե աշխատողը ողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չի ներկայանում աշխատանքի, գործատուն իրավունք ունի աշխատանքից ազատել նրան: Պետրոսյանը նշեց՝ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ աշխատողները ոչ թե չեն ներկայացել, այլ ներկայացել են, բայց հրաժարվել են իրենց պարտավորությունները կատարել՝ առանց հիմնավոր պատճառի:

«Մեր առաջարկը վերաբերում է դրան, որ դրան հավասարեցվի այն վիճակը, երբ աշխատողը ներկայանում է, բայց չարամտորեն հրաժարվում է կատարել իր պարտականությունները, իհարկե, նախնական գրավոր բացատրություն ստանալով: Պետք չէ վիրավորանք որոնել, ես, երբ պետք է վիրավորել, վիրավորում եմ, բայց երբ չեմ վիրավորում, ավելորդ ինտրիգ պետք չէ կառուցել: Մեր և ձեր վարչապետը խոսում է տնտեսություն զարգացնելու մասին, հնարավոր չէ տնտեսությունը զարգացնել՝ գործատուների իրավաչափ շահերն անտեսելով: Հերիք չէ՝ կառավարությունը նախաձեռնությամբ հանդես չի գալիս, մեր նախաձեռնություններին էլ պոզ ու պոչ են կպցնում»,- ասաց նա:

Պետրոսյանը կոչ արեց՝ կառավարության բացասական եզրակացությունը ստացած նախագծերը քննարկման դնել ԱԺ-ում, այդ կերպ բացը լրացնել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը ներկայացրեց գործող Աշխատանքային օրենսգիրքը, նշեց՝ որ դեպքերում է այն հիմքեր տալիս գործատուի կողմից պայմանագրի լուծման համար, ներկայացրեց նաև առաջարկվող նախագիծն ու դրան դեմ քվեարկելու հիմքերը նշեց:

Գևորգ Պետրոսյանը, վարման կարգով ելույթ ունենալով, նախ նշեց. «Կարծում եմ՝ պարոն Ռուբինյանը չի նեղանա», ապա անդրադարձավ նախագծին դեմ արտահայտված գործընկերոջը:

«Ես շատ եմ հարգում պարոն Զեյնալյանին, բայց այստեղ էլ բացարձակապես խնդրի հետ կապ չունեցող հոդվածին է հղում անում: Ես ձեր մատնանշած հեռուստաընկերությունում, ձեր մատնանշած հաղորդման շրջանակում բանավեճի առաջարկ եմ անում»,- ասաց նա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանն արձագանքեց.

«Մենք պարտավոր չենք հետևել ֆեյսբուքյան հարթակներին, սա քննարկման ամենալավ հարթակն է»:

Նախագծին դեմ քվեարկեցին: Ձայների հարաբերակցությունը հետևյալն է. կողմ՝ 41, դեմ՝ 75, ձեռնպահ՝ 2:

Այս թեմայով
am