«Շաքարի հարկը» թեմա է դարձել Փաշինյան-փոխվարչապետ-նախարար իշխանական բուրգում

«168 ժամ» թերթը գրում է.

«Գազավորված ընմպելիքների համար ներդրվող «շաքարի հարկի» օրենսդրական փոփոխությունը, որ տնտեսվարողներին հարկադրվում է Հարկային նոր օրենսգրքի միջոցով, պարզվում է, ունի հետաքրքիր նախապատմություն: 168.am-ի տեղեկություներով՝ կառավարության վերջին երկու աղմկահարույց նախագծերում էլ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվածություն ունի եւ ազդեցիկ գործոն է համարվում:

Նկատենք, որ թե՛ այս, եւ թե՛ գրավատների վիճահարույց օրինագծերի հիմքում չկա ծանրակշիռ հիմնավորում, ընդ որում, երկուսում էլ ակնհայտորեն պաշտպանված են խոշոր տնտեսվարողների շահերը:


Նշենք, որ լրամշակված նախագծով առաջարկվում է «շաքարի հարկով» հարկել բոլոր գազավորված ըմպելիքները՝ բացառությամբ հանքային ջրերի եւ ալկոհոլային խմիչքների՝ անկախ շաքարայնությունից (ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգում):
Խոսքը շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքների նկատմամբ առաջարկվող նոր ակցիզային հարկի մասին է:
Հիշեցնենք, որ նոր նախագծով առաջարկվում է 5 % + շաքար պարունակող ըմպելիքների 1 լ համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ:

Պարզվում է՝ կառավարության համար նոր հարկատեսակի ներմուծման նպատակն ընդամենը 3 մլրդ դրամ լրացուցիչ փող աշխատելն է:

Այդ գումարով պետք է փոխհատուցվեն շահութահարկի եւ եկամտահարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով պետբյուջում առաջացող եկամտային կորուստները:

Նախագիծը ծնվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ, գաղափարին միս ու արյուն է տվել Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, արդյունքում՝ երկու ֆինանսիստները համատեղ մի նոր հարկատեսակ են հորինել: Եվ, որպեսզի հարկատեսակն արագ լեգալացնելու երաշխիքներ ստանան, համահեղինակները վարչապետին ապակողմնորոշել են՝ հայտնելով, թե իբր շաքարի հավելումներով եւ շաքարի փոխարինիչ ասպարտամ հումքով պատրաստվող ըմպելիքները նոր ակցիզային հարկով կհարկվեն, որպեսզի սահմանափակվի դրանց վնասակար սպառումը, եւ, որ այս ամենն ուղղված է գյուղացիական տնտեսությունները զարգացնելուն, հատկապես՝ վերամշակող կազմակերպությունների շահերին, որ տեղական արտադրության հյութերն ու կոմպոտները լայնորեն սպառում ունենան:

Այս փուչիկը կառավարությունում երեւի երկար կփչեին, եթե Առողջապահության նախարարը միանար օրենսդրական ակտերի մակարդակով տարվող խոշոր գործարարի առեւտրային շահերի լոբբինգին եւ համաձայներ՝ օդում կրակած ինչ-որ հիմնավորում կարել նախագծի տակ:

Մեզ հայտնի է դարձել, որ Առողջապահության նախարարը սկզբում խոնարհաբար ընդունել է փոխվարչապետի հանձնարարականը, ստորաբաժանումներին հրահանգ է իջեցրել՝ արագ կերպով հիմնավորում «ստեղծագործել»: Այստեղ նրան հուշել են, թե ժամանակը կարճ է, «օգտվեք ստանդարտ լուծումներից՝ «միջազգային պրակտիկային ենք հետեւում» ձեւակերպեք, թող գնա»:

Եվ այս լղոզված, անհասցե հղումով հիմնավորումն օրեր անց հայտնվեց նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին սատարելն այսքանով սահմանափակվեց:

Նկատենք, առաջարկվող օրենսդրական երկու փոփոխություններն էլ դեմարշի արժանացան: Ընդվզեցին՝ ինչպես ըմպելիքներ արտադրող տնտեսվարողները, այնպես էլ՝ գրավատների ու չեյնջերի գործունեություն ծավալող հարյուրներով ձեռնարկատերեր:
Ընդ որում, երկու դեպքում էլ կառավարությունը հարկ չէր համարում հիմնավորում տալ, պայքարում էր օրինագծերը տոտալ կիրառման տանել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am