Շաբաթօրյակ կանցկացվի նաեւ ապրիլին

Գեղարքունիքի մարզում մարտի 23-ին անցկացված համապետական շաբաթօրյակի ընթացքում թեեւ հիմնովին փակվել են նախատեսված 17 աղբատեղիները, մաքրման աշխատանքներ են իրականացվել համայնքներում, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհաեզրերին, պետական կամ մասնավոր հիմնարկների տարածքներում, անտառամերձ գոտիներում, սակայն վերջնական արդյունքները բավարար չեն գնահատվել Գեղարքունիքի մարզպետարանում:


Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետ Գնել Սանոսյանն արտադրական խորհրդակցության ընթացքում հանձնարարել է եղած թերացումները վերացնելու համար ապրիլ ամսին կազմակերպել հերթական շաբաթօրյակը:

«Կային համայնքներ, որոնք ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին շաբաթօրյակի ընթացքում, այդ նույնը կարող եմ ասել նաեւ մարզպետարանի աշխատակիցների առնչությամբ, սակայն առանձին դեպքերում նկատվեցին թերացումներ ինչպես համայնքների աշխատակազմերում, այնպես էլ պետական հիմնարկներում, ինչի պատճառով պատասխանատու որոշ պաշտոնյաների տրվելու է գրավոր նկատողություն:

Ես հորդորում եմ բոլորիդ՝ անհրաժեշտ հետեւություն անել այս ամենից եւ լրջորեն մոտենալ համապետական շաբաթօրյակին: Ինչ-որ տեղ աշխատանքներին խանգարեցին նաեւ եղանակային պայմանները, ուստի մենք որոշել ենք մնացած բացը լրացնել ապրիլ ամսին կազմակերպվելիք նոր շաբաթօրյակի հաշվին: Կոչ եմ անում՝ նախատեսվող հերթական միջոցառմանը ցուցաբերել ակտիվ մասնակցություն», - մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է Գնել Սանոսյանը:

 

Այս թեմայով
am