Տոնն առայժմ «չի աշխատի»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կառավարության որոշումը՝ ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել որպես Քաղաքացու օր, հեղափոխականների կողմից ընդունվեց խանդավառությամբ, իսկ մեկ տարի առաջ պարտություն կրածների կողմից՝ ցավով:

Նման օր հռչակելու ընդհանուր տրամաբանության հետ ես համաձայն եմ. քաղաքացիները, որոնք երկու տասնամյակից ավելի վստահ էին, որ իրենցից ոչինչ կախված չէ, հանկարծ հասկացան, որ իրենք կարող են գործոն լինել: Դա կարևոր նվաճում է, բայց դա քիչ է՝ տոն հռչակելու համար:

Տոն են նշում, երբ կան ոչ միայն հիշողություններ՝ ինչ-որ բան մերժելու մասին կամ ուրախություն՝ այս կամ մարդուն ազատազրկելու առթիվ, այլև դրական օրակարգ՝ ինչ-որ բան, որը գոյություն ունի, որը ստեղծվել է «մերժվածի» փոխարեն: Իսկ դա չի կարող ստեղծվել մի տարում: Քանի որ չկա, տոնն էլ «չի աշխատի»: Ինչպե՞ս է նշվելու Քաղաքացու օրը: Հաստատ կլինի հանրահավաք և երթ: Գուցե արշավ լինի «մարտական փառքի վայրերով»՝ Ռադիոտուն, պետական հիմնարկներ, մետրո և այլն:

«Պաշտոնական» լրատվամիջոցները կշարունակեն որոշակի չափաբաժիններով ցուցադրել մեկ տարվա հնության կադրեր՝ ենթադրելով, որ հեղափոխական ռոմանտիկայի հիշեցումը հասարակությանը կոնսոլիդացնող դեր է խաղում: Հեղափոխության առաջին տարեդարձի առթիվ «Հպարտ քաղաքացի» շքանշաններ առայժմ չեն բաժանվելու՝ ակտիվիստների պարգևատրումն, ըստ երևույթին, սկսվելու է 3-րդ կամ 4-րդ տարեդարձից:

Ակտիվիստները, սակայն, կպատմեն, թե ինչպես էին փակում ճանապարհները, ինչպես էին նրանց բերման ենթարկում և այլն: Արվեստի գործիչները, շոուբիզնեսի ներկայացուցիչները և այլ հայտնի մարդիկ տարբեր հարթակներում կրքոտ ելույթներ են ունենալու՝ ապացուցելով, որ նախորդ ռեժիմի ժամանակ իրենք հոգու խորքում (այնքան խորը, որ ոչ ոք չի նկատել) միշտ թունդ ընդդիմադիրներ են եղել ու նույնիսկ մի թեթև հետապնդվել են նախորդ իշխանությունների կողմից: Մի քանի խոշոր քար կշպրտվի նախկին ղեկավարների և նրանց շրջապատի հասցեին:

Բայց արդյո՞ք Քաղաքացու օրն այդպիսով մտնելու է մեր կենցաղի մեջ: Կարծում եմ, տոնը, կամ որ նույնն է՝ հուշարձանը իմաստավորվում է ոչ թե միջոցառումներով, ոչ թե ասված խոսքերով, այլ արված գործերով: Իսկ դրանք, կրկնեմ, հնարավոր չէ անել մեկ, կամ առավել ևս՝ կես տարում: Ի՞նչը կարելի է անվանել «արված գործ», ինչպե՞ս է դա չափվում:

Շատ պարզ օրինակ. ասվում է, որ 2008-2018 թվականներին Հայաստանից հեռացել է 300 հազար մարդ: Եթե 2018-2023 թվականներին Հայաստան վերադառնա 150 հազար մարդ, ապա մենք իրոք բոլորս միասին կտոնենք հեղափոխության 5-ամյակը: Առայժմ 1-ամյակը տոնելը շուտ է: Մեր մեջ ասած, հայաստանցիների մեծ մասը սրտանց տոնում է միայն մարտի 8-ը և Նոր տարին»: 

Այս թեմայով
am