ՀՀ քննչական կոմիտեի նախագահը քննարկել է հարուցված քրգործերի ընթացքը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ հրավիրվել է ընդլայնված նիստ, որի ժամանակ ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ԵՔՔՎ հինգ քննչական բաժինների կողմից 2018 թվականին կատարված աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Երևան քաղաքի քննչական վարչության պետը և ԵՔՔՎ հինգ  քննչական  բաժինների պետերը հանդես են եկել  նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը, դրանք առավել արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում թույլ տրված վրիպումները շտկելու վերաբերյալ տվել  հանձնարարականներ:
«Մեր խնդիրը թվային ցուցանիշները չեն, այլ աշխատանքների գրագետ և արդյունավետ կազմակերպումը:  Մեզ արհեստական ցուցանիշներ հարկավոր չեն: Մեր կարգախոսը պետք է լինի  օպերատիվությունն ու որակը»,- ընդգծեց ՔԿ նախագահը:
Հայկ Գրիգորյանը հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ շեշտել է քաղաքացիների հետ շփման կարևորությունը. «Քաղաքացիների  հետ շփումներում դրսևորեք սրտացավ և  կոռեկտ վարքագիծ»,- ասաց ՔԿ նախագահը:
Անդրադառնալով ատեստավորման գործընթացին՝ Հայկ Գրիգորյանն ասել է, որ այն գիտելիքների կատարելագործմանն ուղղված քայլ է.

«Անցնելու եք շատ խիստ ատեստավորում և այն անձինք, ում գիտելիքները պատշաճ մակարդակի չեն լինի, կուղարկվեն լրացուցիչ վերապատրաստման: Ատեստավորման գործընթացն անձից ազատվելու միջոց չէ, այլ գիտելիքների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանք: Քննիչի  տեսական գիտելիքների կատարելագործումը մեզ համար առաջնային խնդիր է»,- շեշտեց Քննչական կոմիտեի նախագահը:
Հայկ Գրիգորյանն ընդգծել է, որ ստորաբաժանման ղեկավարները պատասխանատվություն են կրում նախաքննության կազմակերպման արդյունավետության համար.

«Ղեկավարը քննիչ պետք է լինի, ոչ թե տնօրեն: Ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է քայլեր ձեռնարկել, օգնել գերծանրաբեռնված քննիչներին՝ անձամբ վարույթում  քրեական գործեր ընդունելով և քննություն իրականացնելով: Ղեկավարը պետք է անձամբ գործ քննի՝  իրականությունից չկտրվելու և քննիչի դրության մեջ մտնելու համար: Եթե քննչական ստորաբաժանման ղեկավարը չի կատարում քննիչի գործառույթներ, դառնում է տնօրեն, ինչն անթույլատրելի է: Ձեր վարքով և աշխատանքով  հեղինակություն դարձեք Ձեր ենթակաների համար»,- ընդգծել է ՔԿ նախագահը:

Հայկ Գրիգորյանը Երևան քաղաքի քննչական  վարչության և  հինգ քննչական բաժինների աշխատանքը գնահատել է գերազանց և վարչության պետին հանձնարարել է ծառայության ընթացքում առավել լավ ցուցանիշներ արձանագրած աշխատակիցներին ներկայացնել խրախուսման:
Դիմելով քննիչներին՝ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել իրենց առջև դրված խնդիրները պատվով հաղթահարելու համար.

«Շարունակեք աշխատել նույն ջանասիրությամբ և պատասխանատվությամբ: Աշխատանքների կատարելագործմանն ուղղված քայլերը պետք է կրեն ամենօրյա բնույթ»,- ընդգծել է ՔԿ նախագահը:

Այս թեմայով
am