Հիմա էլ «իրա դեմը խաղ չկա՞»

Թեեւ ի սկզբանե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Հայաստանում այլեւս չի լինելու հովանավորչություն որեւէ մեկի նկատմամբ, անգամ՝ իր հարազատների, չի լինելու խնամի-ծանոթ- բարեկամ մոտեցումը, իրականությունը այլ բան է փաստւմ. նոր իշխանության համար պաշտոնյաները բաժանվում են յուրայինների ու օտարների՝ անպատժելիների ու պատժվողների: Բացի խնամի-ծանոթ-բարեկամներից նոր կառավարությունում զգալի տեղ են զբաղեցնում քայլածները՝ովքեր սկզբից մինչեւ վերջ եղել են ընդդիմադիր Նիկոլի կողքին, եւ որպես կանոն ներվում են նրանց մանր ու մեծ օրինազանցությունները: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը  պաշտոնավարման կարճատեւ ժամանակահատվածում իր զավեշտալի խոսքերով, 104 տոկոսով ինքնապարգեւատրումով,  մարզի բնակիչների կողմից  ոչ միանշական ընդունվող քայլերով ամենաշատն է հարվածում Փաշինյանի կառավարության հեղինակությանը: Ցանկացած առիթի դեպքում, երբ անհրաժեշտությւոն է առաջանում ընգծել այս կառավարության չհաջողված կազմը, առաջինը նշում են հենց Արարատի մարզպետի անունը: Հանրության մոտ ասելիք է դարձել նրա՝ 40 հազ. հա ոռոգման այգիների մասին թեզը: Մամուլը հաճախ է անրադառնում մարզում նրա կողմից իր՝ ազգուտակին ու մերձավորներին պաշտոների նշանակելու խնդրին, բայց դա, կարծես թե, վարչապետը չի լսում: Մամուլը գրում է մարզի առողջապահական ոլորտի խնդիրների մասին, կոնկրետ բուժհաստատությունում տեղի ունեցող ապօրինությունների մասին, բայց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով անողոք պայքար է սկսել ոլորտի ապօրինությունների դեմ, կարծես թե, չի լսում կամ չի կարդում դրանց մասին:   Կառավարության վերջին նիստին վարչապետը զայրացել էր, թե. «Այսօր նամակ եմ ստացել, համաձայն որի՝ «Արմատ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն երեք ամիս է, ինչ վարձատրություն չեն ստացել: Ուզում եմ հասկանալ, այսպիսի բան հնարավո՞ր է Հայաստանում 21-րդ դարում, որ պետական համակարգի աշխատողներն երեք ամիս աշխատավարձ չստանան»: Իսկ որ Մասիսի ԲԿ--ի աշխատողները Ամանորին երկու ամսից ավել աշխատավարձ չէին ստանում, այդ մասին գրվեց նաեւ մամուլում…վարչապետի կողմից ոչ մի արձագանք…հիվանդանոցի նորանշանակ տնօրենը Գարիկի «մարդն է»: 

Հիմա էլ Ավշարի դպրոցի տնօրենի հարցն է կանգնել ավշարցիների ու իշխանության կոկորդին. նորանշանակ տնօրենին դեմ են թե՛ ուսուցչական կոլեկտիվը, թե՛աշակերտների ծնողները, եւ դպրոցում կրթական կյանքը բավականին երկար ժամանակ է կաթվածահար վիճակում է: Իսկ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը իրեն «բեխաբարի» նման է պահում: Հավանաբար, նա նունպես չի ցանկանում քայլ ընկերոջ «խաթրին կպնել»: Իսկ երիտասարդ նորանշանակն էլ ընկել է փորձառու մանկավարժների ետեւից ու զում է կադրային ջարդ իրականացնել. աշխատանքային հենց առաջին օրը նա ցանկանում էր ազատվել նախկին փոխտնօրենից եւ նրա փոխարեն նշանակել իր ընկերուհուն, որը նաեւ մարզպետի մորաքրոջ հարսն է: Վարչապետի՝ Արարատի մարզ կատարած անսպասելի այցի ժամանակ երիտասարդ մարզպետը նախ ցանկացավ հերքել, թե իր մորքրոջ հարսն է պոտենցիալ «փոխտնօրենացուն», սակայն վերջին պահին ավելի ազնիվ գտնվեց եւ ասաց, որ՝ այո՛, իր մորաքրոջ հարսն է: Մարզպետի մեկ այլ մորքրոջ, ավելի ստույգ՝ տատի քրոջ հարսն էլ՝ Լիլիթ Միրզախանյանը, մարզպետարանի գլխավոր «ասողն է»: Լինելով մարզպետից ավելի գիտակ եւ փորձառու, նա մարզպետարանը ոնց ուզում, այնպես էլ կառավարում է, քանի որ մարզպետը բոլոր հարցերի շուրջ միայն նրա հետ է խորհրդակցում եւ եւ նրա կարծիքն է հաշվի առնում: Թեեւ ի պաշտոնե Լիլիթը ձեւակերպված է որպես մարզպետի խորհրդական, սակայն, մարզպետարանում բոլորն էլ գիտեն, որ նա կատարում է աշխատակազմի ղեկավարի պարտականությունները, եւ ամեն ինչ իր ձեռքի տակով է անցում, առանց նրա համաձայնության մարզպետարանում ճանճն անգամ չի կարող բզզալ: Տարբեր թափուր պաշտոնների համար մրցույթների «արդյունքները» ու պաշտոնների նշանակելը մորաքրոջ հարսն է որոշում: Եւ այսպես, Արարատում շարունակում է ամրապնդվել մորաքրոջ հարսների իշխանությունը:  

  Փաստորեն ստացվում է, որ հեղափոխությունը Արարատի մարզ չի հասել, պարզապես փոխվել են դերակատարները. Հովիկ Աբրահամյանին, Արամայիս Գրիգորյանին եկել է փոխարինելու երիտասարդ քայլող Գարիկ Սարգսյանը, ով, փաստորեն, ինչ անում է, լա՛վ է անում, ինչ անում է, ճի՛շտ է անում, ու «իրա դեմը խաղ չկա», այնպես, ինչպես՝ ժամանակին Հովիկ Աբրահամյանի ու Արամայիս Գրիգորյանի:

Մարգարիտա Դավթյան

Այս թեմայով
am