Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը մտադիր է սեփական թեկնածուով մասնակցել նախագահական ընտրություններին

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը մտադիր է սեփական թեկնածուով մասնակցել նախագահական ընտրություններին:

Այս առնչությամբ կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է.


«Մարտի 24-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության 5-րդ համագումարը: 25 պատվիրակներն ընտրել են նոր Գործադիր մարմին, լսել հաշվետվություն նախորդ 2 տարիների գործունեության եւ ծախսերի մասին: Գործադիր մարմնի թեկնածուները հանդես են եկել ելույթներով: Համագումարն ավարտվել է հայտարարության ընդունմամբ, որտեղ անդրադարձ կա նաեւ 2020թ. սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Հայտարարության տեքստը ստորեւ`

ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

V համագումարի հայտարարություն

Արցախում հաստատված իշխանության բնույթը եղել եւ մնում է որպես կեղեքիչ` հնարավորություն չտալով տարիների ընթացքում կուտակված ռեսուրսները ուղղել Արցախի զարգացմանը: Այդ ռեսուրսները, որ Արցախ են հոսել միջպետական վարկի, համահայկական հանգանակությունների, տարբեր ներդրումների եւ հատկացումների տեսքով, օգտագործվել են անարդյունավետ, ծառայելով այդ համակարգը ստեղծած անձանց եւ նրանց հաճախորդներին: Այդ է պատճառը, որ այսօր չունենք նորմալ ենթակառուցվածքներ, հասարակության բարեկեցությունն ու կենսունակությունն ապահովող համակարգեր, քիչ թե շատ դիվերսիֆիկացված տնտեսություն: Նման վարչակարգի գոյությունն օր-օրի թուլացնում է Արցախը եւ սպառնալիք է ազգային անվտանգությանը:

Այս փուլում «Ազգային վերածնունդ» կուսակցությունը իր առջեւ խնդիր է դնում կանխել իշխանության վերարտադրությունը` ինչ դեմքով էլ այն լինի: Որպես համակարգային, խորհրդարանական ընդդիմադիր ուժ, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստանձնում է այդ գործընթացը առաջնորդելու եւ կյանքի կոչելու առաքելությունը: 2020թ-ի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին կուսակցությունը մտադիր է մասնակցել սեփական համամասնական ցուցակով եւ թեկնածուով»:

Այս թեմայով
am