Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը կլինի խոսակցություն Մադրիդյան սկզբունքների հստակեցման շուրջ, ոչ ավելին

«168 ժամ» թերթը գրում է. «Կարծում եմ՝ Մադրիդյան սկզբունքների հստակեցման շուրջ կարող է խոսակցություն ընթանալ առաջիկա հանդիպմանը, բայց ավելիին այն չի անցնի, քանի որ այս հիմքին ակնհայտորեն դեմ են հակամարտության առնվազն երկու կողմերը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հարցում ՀՀ եւ Արցախի իշխանությունների դիրքորոշմանը, Մադրիդյան սկզբունքների հստակեցման անհրաժեշտությանն առնչվող պահանջներին եւ համանախագահների դիրքորոշմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, ապա՝ իր վերջին ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ երեք սկզբունքների ու վեց տարրերի հակասող մեկնաբանությունները պետք  է հստակեցվեն։

Ալեքսանդր Ռարի գնահատմամբ՝ վերջին հայտարարությունների արդյունքում կողմերի դիրքորոշումները փոքր-ինչ հստակեցվել են։ Նա հիշեցրեց ավելի վաղ հնչեցրած իր գնահատականները, որ նման փաստաթղթի պարագայում հայկական կողմին ձեռնտու չէ հակամարտության կարգավորումը, քանի որ պատերազմ հաղթած կողմը դրանով պետք է զիջումներ անի, ավելին, մի շարք հարցեր օդից կախված են եւ հավելյալ պարզաբանումների կարիք ունեն։

«Պարզաբանման ենթակա հարցերը մի քանիսն են, իսկ դրանցից մեկի մասին վերջերս խոսել էր նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի ժամկետների մասին: Նա նշել էր, որ կողմերն այդ հարցում համաձայնության չեն գալիս։ Ներկայումս հայկական կողմը՝ հասկանալով, որ Արցախի՝ որպես կողմ ներկայանալը գործընթացում հնարավոր չէ, փորձում է հասկանալ, թե այս փաստաթղթի շրջանակում ինչի է պատրաստ Ադրբեջանը, քանի որ միակողմանի զիջումները երբեք հակամարտության կարգավորում չեն կարող նշանակել։

Միանշանակ է, որ հակամարտությունը չի կարող կարգավորում ունենալ առանց Ղարաբաղի, հատկապես, երբ Ղարաբաղից շատ ավելի հստակ ձեւակերպումներ հնչեցին Մադրիդյան սկզբունքները վերանայելու անհրաժեշտության մասին։

Կարծում եմ, որ նույնպիսի դիրքորոշում ունի նաեւ հայկական կողմը, պարզապես հայկական կողմը հարցն այլ կերպ է դնում, որից պարզ է, որ դեմ է այդ սկզբունքների ու տարրերի որոշ դրվագներին։ Բայց ես կարծում եմ՝ չնայած Բաքվից հնչող դրական մեկնաբանություններին՝ Բաքուն եւս դեմ է այս սկզբունքներին, եւ դրանում մասնագետները բազմիցս համոզվել են։ Ուստի կարծում եմ, որ առաջիկա հանդիպմանը կարող է խոսակցություն ընթանալ հստակեցման շուրջ, բայց ավելիին այն չի անցնի, քանի որ այս հիմքին ակնհայտորեն դեմ են հակամարտության երկու կողմերը։

Կարծում եմ՝ մեկնաբանությունների շուրջ տարաձայնություններ եւս չկան, պարզապես ՀՀ նոր իշխանությունները փորձում են իրավիճակն ինչ-որ կերպ շարունակել, այլապես պետք է չմասնակցեն այս օրակարգով բանակցություններին։ Բայց բանակցությունների ընդհատումը եւս մի շարք վտանգներ է պարունակում, ուստի ինչ-որ կերպ այն պետք է շարունակել։

Բայց այս դեպքում էլ վերադառնում ենք մինչ ապրիլյան պատերազմի իրավիճակին, երբ հասկանալի չէր՝ կա՞ բանակցություն, թե ոչ, կա՞ ընդհանուր օրակարգ, թե ոչ։ Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ավելի ճկուն պետք է գտնվի եւ թույլ տա, որպեսզի կողմերին գոհացնող օրակարգ ձեւավորվի։ Չնայած հասկանալի է նաեւ, որ այսօր Մադրիդյան սկզբունքների չհիշատակումը կնշանակի՝ առանց օրակարգ Փաշինյան-Ալիեւ հանդիպում, որն անընդունելի է»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Ռարը։

Գերմանացի քաղաքագետի խոսքով՝ առաջիկա հանդիպմանն առանց Արցախի ղեկավարության մասնակցելը չի նշանակի՝ Արցախի մասնակցության անհրաժեշտության հայտարարված սկզբունքից հրաժարում, քանի որ հայկական կողմը բազում հայտարարություններով հասկանալի է դարձրել, որ ավելի կառուցողական բանակցություններ լինելու են Արցախի մասնակցությամբ»

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am