«Հայֆիլմ»-ի անշարժ գույքը 15 տարով վարձակալության հանձնվեց

ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում որոշում կայացվեց «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքը «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելուն հավանություն տալու մասին:


ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարությանը դիմեց առաջարկով՝ հավանություն տալ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերությանը իրեն սեփականության իրավունքով պատկանող Աշտարակի խճուղի 30 հասցեում գտնվող անշարժ գույքի մի մասը` համաձայն թիվ 1 հավելվածի, վարձակալության հիմունքներով «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելուն:

Վարձակալության պայմանագիրը կնքվում է 15 տարի ժամկետով` ամսական 800,000.0 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ վարձավճարով:

Վարձակալը պարտավորվում է տարածքի և դրա կենտրոնական հատվածում գտնվող լողավազանի բարեկարգման, կանաչապատման, Հյուսիս-հարավ ճանապարհին միացող հատվածի վերանորգման, տարածքի լուսավորման, ինչպես նաև դրա կապիտալ վերանորոգման համար 3-5 տարվա ընթացքում կատարել 3,5 մլն. եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ, որից 2.5 մլն. եվրոն անբաժանելի բարելավումներ` համաձայն թիվ 2 հավելվածի:

Վարձակալն իրավունք ունի իր կողմից օբյեկտի օգտագործմանը և/կամ տիրապետմանը խոչընդոտող վարձատուի և/կամ Հայաստանի Հանրապետության կողմից ցանկացած գործողություն կատարվելու, մասնավորապես՝ օբյեկտը և/կամ դրա զբաղեցրած տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու, և/կամ քանդման և/կամ ձևափոխման և/կամ նպատակային նշանակության փոփոխության որոշում կայացվելու և/կամ դիտավորյալ այլ գործողության կատարման դեպքում միակողմանի լուծել պայմանագիրը՝ վարձատուից պահանջելով տուժանք օբյեկտում փաստացի կատարված ներդրման կրկնապատիկի չափով:

Վարձակալության պայմանագրի նոտարարական վավերացման և վարձակալության իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերը կիրականացվեն «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից:

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազելի Ղարիբյանը հայտնեց, որ Մշակույթի նախարարությունը տեղյակ է այս գործընթացից:

«Պետական գույքի կառավարման կոմիտեն դիմել էր մեզ, մենք միասին գնացել ենք, տարածքը նայել: Այն «Հայֆիլմ»-ի ընդամենը մի հատված է, ամբողջի մասին չէ խոսքը, մենք զուգահեռաբար նաև աշխատում ենք մի նախագծի վրա, որի դեպքում «Հայֆիլմ»-ի մնացած տարածքը՝ գույքը և շենքերը, կընդգրկվեն նոր կառույցի մեջ, որտեղ կընդգրկվի նաև Կինոկենտրոնը և «Հայք» կինոստուդիան, և այդպես միասին կկարողանանք ոտքի կանգնեցնել «Հայֆիլմ»-ը»,- ասաց նա:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ կարևորեց ներդրումների ժամանակացույցի հստակեցումը: ՀՀ վարչապետն այն անհրաժեշտ համարեց:


«Ընթացակարգ է, որ պետք է սահմանվի այսպես: Լուրջ մարդկանց համար սա շատ ավելի լավ բան է, որ իրար նկատմամբ փոխադարձ պարտավորություն ունենանք, արձանագրենք, որ առանց նման ժամանակացույցի որևէ նախագիծ չի գալիս կառավարության նիստ»,- ասաց նա:

Այս թեմայով
am