Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա նախաձեռնության ուղերձը ՀՀ իշխանություններին

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա նախաձեռնությունը հանդես է եկել ուղերձով ՀՀ իշխանություններին, ոլորտի մասնագետներին եւ հասարակությանը:

ՈՒղերձում, մասնավորապես, ասվում է.


«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա նախաձեռնությունը՝ ՖԱՀՖ, որի առաջին հավաքը տեղի է ունեցել 2018թ-ի հուլիսի 19-ին, իր գոյության կարճ ժամանակահատվածում դարձել է հայրենական կինոարտադրության ոլորտում տեղի ունեցող զարգացումների հիմնական կատալիզատորն ու առանցքային դերակատարներից մեկը:

ՖԱՀՖ-ը հիմնադրման պահից հայտարարել է հայկական կինոյի պետական կառավարման անարդյունավետության, ստվերայնության, կոռումպացվածության մասին, համարելով կինոյի պետական կառավարման արատավոր համակարգը Հայաստանում կինոյի զարգացման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտը: Նախաձեռնությունը չի թաքցրել, որ պայքարելու է այդ համակարգը արմատապես բարեփոխելու, տասնամյակներ շարունակ հայկական կինոն ի պաշտոնե կամ ստվերային կառավարող մարդկանց համակարգից հեռացնելու համար:

2018թ-ին ՖԱՀՖ-ի ակտիվ պայքարն ու կոշտ քննադատությունը նպաստել են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի ընդունած անօրինական կանոնակարգի չեղարկմանը եւ նոր կանոնակարգի մշակմանը, իսկ դեկտեմբերին ՖԱՀՖ-ի հետեւողական պնդումների արդունքում հրապարակվել են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» եւ «Փաստավավերագրական ֆիլմերի Հայկ կինոստուդիա» ՊՈԱԿ-ների միջոցով պետական աջակցություն ստացած ֆիլմերի ցանկն ու գումարների չափը։

2019թ-ի սկզբին ՖԱՀՖ-ը, վերլուծելով վերջին տարիներին Հայաստանում պետական աջակցությամբ ստեղծված ֆիլմերի վարձույթում եւ միջազգայնի կինոփառատոներում արձանագրած աղետալի վիճակագրությունը, համակարգելով հետխորհրդային եւ արեւելյան Եվրոպայի երկրների կինոյի պետական կառավարման հաջողված փորձը, ՀՀ կառավարությանը առաջարկել է կինոյի պետական կառավարման նոր համակարգի նախագիծ։

ՖԱՀՖ-ի կողմից մշակված այդ համակարգի առանցքը ՀՀ պետական բյուջեով կինոյին հատկացվող գումարների արդյունավետ տնօրինումն է, ներքին շուկայում պետական աջակցությամբ ստեղծված ֆիլմերի վարձույթի նոր մեխանիզմի գործարկումը եւ միջազգային կինոարդյունաբերության մեջ Հայաստանի ներկայացվածության խթանումը։

ՖԱՀՖ-ի առաջարկած նոր համակարգի լիարժեք կիրառման արդյունքում առաջիկա 3-4 տարիներին հայկական կինոարտադրությունը կարող է գրանցել արտադրական ծավալների, այդ թվում հայկական ֆիլմերի ներքին վարձույթում արձանագրված արդյունքների եւ հայկական կինոնախագծերում միջազգային ներկայացվածության շեշտակի աճ:

ՖԱՀՖ-ը ուրախ է արձանագրել, որ հայրենական կինոյի արդյունավետ պետական կառավարման նոր համակարգի հիմքում դրված իր գաղափարները ամբողջությամբ համընկնում են Հայաստանում պետական կառվարման նոր գաղափարախոսության եւ ռազմավարության հետ։

ՖԱՀՖ-ը հաստատակամ է Հայաստանում կինոարտադրության արմատական բարեփոխման իր տեսլականը իրականացնելու գործում եւ ազդարարում է այդ բաղձալի նպատակին հասնելու համար ՀՀ-ում գործող կինոյի բոլոր կառույցների ու կազմակերպությունների հետ կառուցողական երկխոսության, ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների հետ՝ արդյունավետ համագործակցության գործընթաց սկսելու մասին:

Ուղերձն ընդունված է ՖԱՀՖ 10-րդ Հավաքի մասնակիցների եւ հաստատված է ՖԱՀՖ անդամների կողմից միաձայն։

Այս թեմայով
am