ԵՊՀ-ում տեղի է ունեցել Գրիգոր Գուրզադյանի կիսանդրու հանդիսավոր բացումը

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի նախասրահում այսօր համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:

Կիսանդրու բացմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Կոսմոլոգիայի կենտրոնի ղեկավար, «LARES» եվրոպական տիեզերական ծրագրի ղեկավար խորհրդի անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գ. Գուրզադյանի որդի Վահագն Գուրզադյանը, Տիեզերքի թանգարանի խորհրդի անդամ, պատմաբան Կարեն Բայրամյանը, ԵՊՀ-ի և տարբեր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, գիտնականներ ու մտերիմներ: Միջոցառման ընթացքում ականավոր գիտնականի մասին ներկաների համար կենսագրական ակնարկ կարդաց պատմաբան Կարեն Բայրամյանը:

Նա հիշատակեց Գ. Գուրզադյանի ավելի քան 200 գիտական հոդվածներն ու մեկ տասնյակ ստվարածավալ մենագրությունները՝ նվիրված աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին: Նա նշեց, որ Գուրզադյանը դեռևս 1960-ականներին ղեկավարել է Արեգակի ու աստղերի գերմանուշակագույն ու ռենտգենային դիտումները, ինչպես նաև նրա ղեկավարությամբ ստեղծվել են «ՕՐԻՈՆ» տիեզերական աստղադիտարանները, որոնք գերազանցում էին ժամանակակից աշխարհում իրականացվող տիեզերական գիտափորձերը և հանգեցնում կարևորագույն գիտական արդյունքների:

«Գուրզադյանի ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ կտավներ, փիլիսոփայական էսսեների գրքեր՝ նվիրված գիտությանը, արվեստին»,- ընթերցեց պարոն Բայրամյանը: ԵՊՀ ռեկտորը բացման խոսքում ողջունեց ներկաներին և ասաց, որ մեծ պատիվ է Գրիգոր Գուրզադյանի նման համալսարանական ունենալը. «Այս կիսանդրին մենք բացում ենք որպես հարգանքի տուրք մեծ գիտնականի հիշատակին, որը երկար տարիներ դասավանդել է Երևանի պետական համալսարանում և եղել է Աստղաֆիզիկայի ամբիոնի հիմնադիր կազմում»:

Ելույթով հանդես եկավ նաև ակադեմիկոսի աշակերտներից Պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ տիեզերքի թանգարանի խորհրդի անդամ Աշոտ Զախարյանը, որն անդրադարձավ Գ. Գուրզադյանի բեղմնավոր գիտական գործունեությանն ու վաստակին: Անվանի գիտնականի որդին՝ Վահագն Գուրզադյանը, խոսելով հոր թողած գիտական ժառանգության մասին, շեշտեց, որ ուրախ է ներկա լինելու նրա կիսանդրու բացման արարողությանը: «Համալսարանի ղեկավարությունը, հաշվի առնելով Գ. Գուրզադյան գիտնականի վաստակը հայաստանյան գիտության մեջ, գնահատելով նրա բազմամյա դասախոսական գործունեությունը համալսարանում, գտավ, որ վերջինս պետք է վերադառնա համալսարան և հավերժանա այս պատվավոր ճեմասրահում»,- ասաց Վ. Գուրզադյանը:

Այս թեմայով
am