Երբ քանդում էին սրճարանները, ՀՀ ԱԳ նախարարը բանակցում էր համանախագահների հետ

Ընդամենը երկու օր առաջ գրեթե բոլորը կամ շատերը ռազմական փորձագետներ էին, Արցախի հիմնախնդրի հարցով փորձագետներ: Ավելին, շատերը գոռում էին, թե օր առաջ պետք է մտնենք Բաքու, իսկ այսօր բոլորը սրճարանային փորձագետներ են կամ բնապահպաններ:

Արցախի մասին մոռացան: Երբ ոստիկանների ակտիվ մասնակցությամբ քաղաքապետարանն ազատագրում էր «երեւանցիներից խլած» տարածքները, Մինսկի խմբի համանախագահները Երեւանում էին, նրանք բանակցում էին ՀՀ ԱԳ նախարարի հետ, բայց հանրությունը, որը մեկ օր առաջ արդեն պատրաստ էր Բաքուն գրավել, մեծ հաշվով, թքած ուներ եւ համանախագահների այցի եւ Արցախի խնդրի վերաբերյալ. արդեն ավելի հետաքրքիր էր սրճարանների թեման:

Վաղը այլ թեմա հետաքրքիր կլինի եւ կմոռացվեն քանդված սրճարանները, այնտեղ աշխատողները, ոստիկանների բռնությունները:

Սա մեկ անգամ եւս վկայում է, որ ցավոք մեր հասարակությունը գտնվում է զարգացման կամ քաղաքակրթական շատ ցածր մակարդակի վրա: Ավելին, որպես այդպիսին հասարակություն էլ դեռ չի ձեւավորվել: 

Այս մասին է վկայում նաեւ հասարակության այս կամ այն հատվածի արձագանքը սրճարանների ապամոնտաժմանը: 

Նրանք, ովքեր այս կամ այն պատճառով դեռ պաշտում են այս իշխանության առաջնորդներին մնում էր ճակատնեին դաջեին՝ մենք քեզ հետ ենք Մարության, եւ քայլեին փողոցներով: Նրանք թքած ունեն, որ ապամոնտաժվում են ոչ բոլոր սրճարանները, նրանց չի հետաքրքրում գործից զրկվածները: Կարեւորը նրանց համար Հայկ Մարությանին աջակցելն էր:

Սա է իրականությունը, սա է պատճառը, որ մենք առաջ շարժվելու փոխարեն թափով հետ ենք գնում ու դեռ շատ ենք գնալու, քանի որ նույն մարդը նույն հարցի վերաբերյալ կարող է տրամագծորեն հակառակ տեսակետներ արտահայտել, միայն թե աջակցի այն ուժին, որին ինքը պաշտում կամ սատարում է:

Նրանք, ովքեր մինչեւ հիմա աղաղակում են, թե ապօրինաբար քանդվել են Հյուսիսային պողոտայի տարածքում գտնվող խրճիթները, կանգնում եւ առանց ամաչելու ասում են, թե լավ են անում, որ ապամոնտաժում են սրճարանները:

Մի մեծ խումբ էլ քաջ գիտակցելով, որ Ազատության հրապարակի ոչ բոլոր սրճարաններն են ապամոնտաժվելու, ձեւացնում են, թե հավատում են, որ քանդվելու են բոլոր կառույցները եւ հիացական արտահայտություններով սատարում Մարությանին:

Նրանք լավ գիտեն, որ 1987թ. պատկերը չի վերականգնվելու: Գիտեն, բայց կեղծավորություն են անում, քանի որ կարծում են, որ կարեւորը Նիկոլ Փաշինյանին եւ Մարությանին աջակցելն է:

Իրոք ամոթալի պատկերը, բայց սա է մեր իրականությունը:

Հակոբ Ասատրյան

Այս թեմայով
am