«Մենք հաստատակամ ենք». Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման հարցում քաղաքապետարանը չի զիջելու

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որն այս պահին գտնվում է Օպերայի տարածքում և առավոտից հետևում է սրճարանների ապամոնմտաժման աշխատանքներին, լրագրողների հետ զրույցում ասել է.«Մենք քննարկեցինք պարոն քաղաքապետի և մեր գործընկերների հետ, ավագանու անդամների, պատգամավորների հետ: Մենք հեղափոխությունից մի քանի ամիս հետո փորձում ենք կառուցել իրավական երկիր, և այստեղ շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը: Մենք մեկ ամիս առաջ ծանուցել, ենք, առավոտից  խոսել ենք, վարչությունների պետերը զրուցել են բիզնեսների ներկայացուցիչների հետ, պատշաճ ծանուցված են»:

Նա չի կարծում, որ այս սրճարանատերերը տարածքում բիզնես-գործունեությամբ սոցիալական խնդիր են լուծում, այլ նրանք գերշահույթ են ստանում, հետևաբար սպասելու կամ ժամանակ տալու պատճառ չի տեսնում:

«Այս կաֆեները ստանում են գերշահույթ, որևէ մեկը խնդիր չունի ընտանիք պահելու, ընդհակառակը, մենք սիրահոժար համաձայնել ենք, որ տրամադրենք աղեղնաձև զբոսայգու աջ կողմը, որ շարունակեն իրենց գործողությունները, աղեղնաձև մասը, մինչև Սպենդիարյանի արձան գնացող մասը: Մենք հաստատակամ ենք, ուզում ենք` օրինականությունը վերականգնվի, կանաչապատ հատվածը վերականգնվի»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է սրճարանների աշխատակիցներին, ապա նրանք անգործ չեն մնա, վստահեցնում է` այլ սրճարանատերեր պատրաստ են նրանց աշխատանքի ընդունել: Նրանց թիվը, ըստ Մնացականյանի, ոչ թե 300 է, ինչպես սրճարանատերերն են ներկայացնում, այլ 12:

«Աշխատողների մասին դրել ենք սեղան, օրինակ` Կասկադի և մնացած կաֆեների սեփականատերերը գրեցին, որ պատրաստ են վերցնել: Դուք տեղյա՞կ եք, որ 12 հոգի են գրանցված: Թող աշխատեն, բայց ոչ պետության ու Օպերայի զբոսայգիների հաշվին: «Շոկոլադնիցան» զբաղեցնում է իրենց բիզնեսի 20 տոկոսը»,- ասել է նա:

Նա նշել է, որ վաղ թե ուշ պետք է սկսեն ապամոնտաժումը, իսկ չեն անում` քաղաքացիների անվտանգությունից ելնելով.

«Իրենք տարիներով աշխատացնում են, որևէ մեկը նոր չի արել, նոր բան չի բացել, մենք սկսում ենք ապամոնտաժումը, միակ խնդիրը քաղաքացիների անվտանգության հարցն է. որոշ անպատասխանատու մարդիկ, ուղղորդված անձինք սկսեցին խանգարել»:

 

Այս թեմայով
am