Մշակույթի նախարարությունում գուցե նոր մաթեմատիկա՞ են հայտնագործել. Նարինե Թուխիկյան

«Օպտիմալացում պետք է լինի միանշանակ, բայց այն ձևով, որ հրապարակ է իջել, անթույլատրելի եմ համարում: Առանց խորհրդակցելու, առանց տվյալ ՊՈԱԿ-ի ղեկավարների ու անձնակազմերի հետ խոսելու՝ նման հայտարարությունն անելն անկարելի էր»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը:

Նա նշեց, որ մշակույթի նախարարության ներքո գործող ՊՈԱԿ-ների միավորման հարցը մեջտեղ բերելուց հետո, այն առաջ քաշածները հետո սկսեցին ավելի փափուկ արտահայտություններով հանդես գալ. «Այդպես չի կարելի, նախ պետք է արվեստի բանագավառի ներկայացուցչիների հետ լուրջ ուսումնասիրություններ, քննարկումներ անել, ապա նոր հայտարարություն անել: Արդյո՞ք այդ ուսումնասիրությունները կան, արդյո՞ք մշակույթի նախարարությունն ունի պատկերն ու ի՞նչ արդյունք են արձնագրել»:

Մեր դիտարկմանը, թե նախարարությունում կարծիք կա, որ թանգարաններ կան, որի գոյության մասին մարդիկ չգիտեն, հետևաբար համախմբելը  ճիշտ է: «Շատ լավ, եթե այդպիսի թանգարաններ կան, թող հեռացնեն տնօրենին: Եթե վատ է աշխատել թանգարանը, եթե հետաքրքրություն չկա, պետք է հասկանալ, թե ի՞նչը կարող էր խանգարել թանգարանի ակտիվ գործունեությանը: Եթե ասում ենք, թե «իքս» թանգարանն այցելու չի մտնում, ուրեմն կառավարման խնդիր կա այդտեղ: Ես ձեզ վստահեցնում եմ, որ հայաստանյան բոլոր թանգարաններն ունեն ահռելի հետաքրքիր ու հարուստ մշակութային ժառանգություն ու բոլոր թանգարաններն էլ կարող են հետաքրքիր լինել այցելուների համար: Ընդամենը պետք է դրանք մատուցելու հետաքրքիր եղանակ գտնել ու հետաքրքիր մատուցել, որ մարդիկ գան դեպի քեզ: Ես չեմ բացառում, որ բոլոր գրողների թանգարանները կարող են մեկ ասոցիացիայի տակ լինել, բայց մինչ նման հիպոթեթիկ պնդում անելը, պետք է ուսումնասիրել,- ասաց Թումանյանի տուն-թագարանի նախկին տնօրենը՝ ավելացնելով, որ ինչպե՞ս է հնարավոր, օրինակ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան միավորել մեկ այլ ՊՈԱԿ-ի հետ: Ընդգծեց` չէ՞ որ այդ մարդն այնտեղ ապրել է, կամ մեկ այլ տուն-թանգարան, որտեղ մշակույթի գործիչն ապրել է, ինչպե՞ս կարող ես միավորել այլ շենքի հետ, դա աբսուրդ է:

«Սպենդիարյանի թանգարանը, եթե ուզում են միավորել Գրականության և արվեստի թանգարան ինտիտուտի հետ` պատճառ բերելով, որ Սպենդիարյանի նոտաները, նամակագրությունը, ինքնագրային ու ձեռագրային տարբերակները գտնվում է Գրականության և արվեստի թանգարանում, ապա դա զուտ միայն այն պատճառով, որ ձեռագիր պահելու համար ԳԱԹ-ի պայմաններնը շատ ավելի լավն են: Հայաստանում չկան լավ թագարաններ՝ ֆոնդեր պահելու առումով»,- ներկայացրեց նա:

Տիկին Թուխիկյանը շեշտեց նաև, որ եթե միավորումներ ես անում, ապա հետաքրքիր ծրագիր պետք է ներկայացնես, թե ինչ տեսլական ունես: Իսկ եթե միացնում ես, ասաց մեր զրուցակիցը, զուտ միայն մեկ հաշվապահի աշխատանքից ազատելու համար ու նրան տրամադրվող 60 հազար դրամը խնայելու համար, ապա դա ծիծաղելի օրինակ է:

«ՊՈԱԿ-ների միավորման հարցը մեջտեղ բերելուց առաջ, լուրջ աշխատանքներ պետք է տարվեին, մանսագետներ պետք է հրավիրեին: Նախարարությունում միշտ չէ, որ մասնագետներ են լինում, պետք է քննարկեին տվյալ գործին քաջատեղյակ մասնագետների հետ»,- հավելեց Թումանյանի տուն-թագարանի նախկին տնօրենը:

Դիտարկմանը, թե նախարարի պաշտոնակատարն ասում է, որ այդ փաստաթուղթն ընդամենը սևագիր է եղել, և այն ամբողջականացնելու հետո միայն պետք է ներկայացնեին մշակութային գործիչների ուշադրությանը, պատգամավորն այսպես արձագանքեց. «Ի՞նչն ամբողջականացնեին, արդեն սոտորագրված, կնքված փաստաթո՞ւղթը, որ այս կոնկրետ ՊՈԱԿ-ները պետք է անհետանան կամ միավորվեն: Այդպես չի լինում, հենց խոհանոցային փուլում դու պետք է մասնագետների հետ խոսես, ոչ թե չինովնիկների: Թող նախարարություններում աշխատող իմ կոլեգաները չնեղանան, բայց նրանք չինովնիկ են (պետական ծառայողներ են):

Նախարարաությունը պետք է հասկանա, որ այդպես հարցեր չեն լուծում: Հասկացանք` կառավարությունը որոշել է օպտիմալացման գնալ ու ճիշտ է որոշել, բայց մշակույթը չի կարող պետության վրա բեռ լինել, դա մեկընդմիշտ թող իմանան»:

Մեր մյուս դիտարկմանը, թե նախարարի պաշտոնակատարն ասում է, որ որոշ ՊՈԱԿ-ների միավորումից, միևնույնն է, դրանց թվի մեջ փոփոխություն չի լինելու` Նարինե Թուխիկյանը պատասխանեց. «եթե  1+1 գումարն էլի 1 է, ուրեմն չգիտի: Գուցե նորագույն մաթեմատիկա կա՞: Մենք չենք տեսել այդ թուղթը ու չգիտենք՝ այդ թուղթը սևագի՞ր է, թե՞ ոչ: Պաշտոնակատարը մի բան ասաց, հհետո սկսեց մեղմել իր իսկ ասածը, որովհետև այդպես չի կարելի: Դա մեծ հետևանք ունեցավ հասարակության մեջ, հենց մեզ մոտ` Ազգային ժողովում: Տարրական մշակույթ է՝ նստել ու մարդկանց հետ խոսել փոփոխությունների շուրջ, բայց մարդիկ իմանում են «պոստ ֆակտում», որ էսպիսի բան կա, դա անընդունելի է»:

 

Այս թեմայով
am