Երբ «պայքարողները» դառնում են քանդող կամ նվեր Մեսչյանի 70 ամյակին

Օրերս Politik.am-ը տեղեկացրել էր, որ Խորենացի փողոցի վրա Շիրակ հյուրանոցի հարևանությամբ գտնվող  ԿԳՆ նախկին շենքի առաջնամասը քանդվում է սեփականատիրոջ կողմից:Շինարարները շենքը քանդում են առանց քարերի համարակալման, որը նշանակում է, որ որևէ այլ տեղ շենքը վերականգնելու նպատակ չկա։

Շենքի ֆասադն այսօր արդեն քանդված է։ Ի դեպ, հետաքրքիր է, որ շենքը քանդեցին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի ծննդյան օրը։ Հետաքրքիր է նկատել, որ Մեսչյանը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո հայտարարեց, որ «Երևանում այլևս ոչ մի հուշարձան չի քանդվի»։

Այն, որ նոր իշխանությունները իրենց փիլիսոփայությամբ չեն տարբերվում նախկին իշխանություներից, ակնհայտ էր վաղուց, բայց այս շենքի քանդումը մեկ այլ կարևոր նշմարում արեց՝ Հայաստանում տարիներ շարունակ տարբեր պատմական արժեք հանդիսացող շենքերի համար «պայքարող» ակտիվիստները այլևս չկան։ Նրանք այլևս պայքարելու իմաստ չեն տեսնում, քանի որ հիմա քաղաքի հուշարձանները քանդում է ոչ թե «հանցագործ ՀՀԿ-ական» իշխանությունը, այլ իրենց ընկերները, իսկ ընկերներին, ինչպես հայտնի է, ամեն բան ներելի է։ Ավելին՝ ՀՀԿ-ի իշխանության տարիներին անգամ մեկ աղբամանի տեղափոխման համար պայքարողներից շատերը հիմա արդեն Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ են ու «պայքարողներից» դարձել են քանդողներ։

Բացի պատմական և իրենից մշակութային արժեք ներկայացնող շենքի կորստից՝ մենք արձանագրեցինք նաև քաղաքացիական հասարակության կորուստ։ Ավելի շուտ արձանագրեցինք, որ քաղաքացիական հասարակություն չենք էլ ունեցել։ Տարիներ շարունակ մարդկանց որոշակի շրջանակ ստել է հասարակությանը, փորձել հանդես գալ որպես մտահոգ քաղաքացի, իսկ իրականում մտքում ունեցել է իշխանության գալու երազանք, մտքում ունեցել է ՀՀԿ-ի փոխարեն քանդելու երազանք։

Բորիս Մուրազի

Այս թեմայով
am