Հայաստանում առաջին անգամ կատարվել է թոքի զարկերակի ստենտավորում

Հայաստանում առաջին անգամ կատարվել է թոքի զարկերակի ստենտավորում: Բացառիկ վիրահատությունն իրականացրել է «Էրեբունի» ԲԿ ինտերվենցիոն սրտաբան Արսեն Ծատուրյանը։

35-ամյա Գարիկ Պետրոսյանը 4 տարի գանգատվել է սրտի և թոքի խնդիրներից, ունեցել է շնչարգելություն, հևոց։ Բազմիցս հետազոտվել է հանրապետության և արտասահմանյան տարբեր կլինիկաներում, 1,5 տարի բուժվել է Գերմանիայում, սակայն խնդիրներն այդպես էլ չեն վերացել:

Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկա, որտեղ էլ կլինիկայի ղեկավար Համլետ Հայրապետյանը կարողացել է ախտորոշել հիվանդությունը։ Նախնական զննության ժամանակ սրտաբանը կասկածել է թոքի զարկերակի խցանում, ինչն էլ հաստատվել է լաբորատոր-գործիքային հետազոտություններից հետո: Պարզվել է, որ Գարիկն ունի թոքային հիպերտենզիա.  մեկ թոքի զարկերակը կրիտիկական ձևով խցանված էր, մյուս թոքի զարկերակը՝ ամբողջովին փակված:

Ներանոթային վիրաբույժ Արսեն Ծատուրյանի խոսքով՝ թեև միջամտությունը ռիսկային էր, սակայն որոշել է ռիսկի գնալ և կատարել ստենտավորումը: «Թոքային զարկերակի նեղացումներն ավելի հաճախ հանդիպում են մանկական տարիքում, իսկ այս տարիքում հազվադեպ է հանդիպում։   Այսինքն՝ միջամտությունը բացառիկ է նրանով, որ նման դեպքերը ևս հազվադեպ են, բացի այդ, Հայաստանում մինչ օրս չի եղել նման միջամտություն, իսկ այլ երկրներում թոքի ստենատավորում կատարվում է»,- նշել է վիրաբույժ:

Գարիկ Պետրոսյանի խոսքով՝ չորս տարի ջերմություն է ունեցել, դժվարությամբ է քայլել ու հաճախ է ունեցել տրամադրության անկում. «Միջամտությունից հետո ինձ լավ եմ զգում, փոփոխությունն արդեն նկատելի է, շնչարգելություն չկա, մի քիչ ցավեր ունեմ, բայց բնական է, որ այս շրջանում կլինի»։ 

Արսեն Ծատուրյանի խոսքով՝ հիվանդն արդեն լավ է, պատրաստվում է դուրսգրման, բայց դեռ որոշ ժամանակ կլինի բժիշկների հսկողության տակ։


 

Աղբյուր` Panorama.am

Այս թեմայով
am